Մոսկվայի «Փաստեր և փաստարկներե Տեղեկատվական գործակալության մամուլի կենտրոնում ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձին նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել։ «Ռուս-հայկական համագործակցության»՝ «Կովկասագետների գիտական միություն» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտ» կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպած միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Բոլբերովը, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, քաղաքագետներ Ստանիսլավ Տարասովը, Ալեքսեյ Մարտինովը, Վլադիմիր Զախարովը, Անդրեյ Արեշևը, Անատոլի Ցիգանոկը, Մատեուշ Պիսկորսկին և այլոք։
Կլոր սեղանի մասնակիցները նույն կարծիքին են եղել այն բանում, որ Ադրբեջանի իշխանությունը փաստացի իր սեփական ժողովրդի հանդեպ դավադրական քաղաքականություն է վարում, բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց գիտակության մեջ՝ գրեթե մոր կաթի հետ ներդնելով հայի բացասական կերպարը։ Այսօր, ինչպես երբևէ, Մերձավոր Արևելքի իրադարձությունների և ձգձգված «արաբական գարունի» հետ կապված հրատապ է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության միջազգային ճանաչումը։ Կլոր սեղանի շրջանակում կայացել է նաև Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձը» գրքի շնորհանդեսը, որը փաստացի դարձել է հայ ժողովրդի՝ գրքերի հետ կապվածության հիմնը, որպես սրբության և գիտության աղբյուրի։
Ադրբջանի ազգային գրող Ակրամ Այսլիի՝ ռուս գրողներին, օտարերկրյա դեսպանություններին և հասարակական գործիչներին Ադրբեջանի պետական բարձր մակարդակով իր հանդեպ դրսևորած աննախադեպ հետապնդումների հետ կապված դիմումի առնչությամբ ռուս գրող Կիմ Բակշիի առաջարկով կլոր սեղանի մասնակիցներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են արտահայտել գրողին։ Որոշում է ընդունվել դիմել Ադրբեջանի նախագահին և միջազգայկին իրավասու կազմակերպություններին՝ ազգային գրողի օգտին։
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի խոսքով՝ ադրբեջանցի գրողի ամբողջ մեղքը կայանում է նրանում, որ նա իր «Քարե երազներ» վեպում հաստատել է այն ճշմարտությունը, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են և պետք է ապրեն խաղաղ և միասին։ Բոլոր կոչումներից և պարգևներից զրկված գրողի հանդեպ Ադրբեջանի աննախադեպ արշավը վկայում է հայատյացության պարանոիդ բնույթի մասին, որով տառապում է այդ երկրի բարձր ղեկավարությունը։ News.am
|