Գլխավոր » Կործանիչ հարվածներ Ադրբեջանին
Կործանիչ հարվածներ Ադրբեջանին
13:33

 

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ընդունել են Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը եւ նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը:

 

Եվրոպացի պաշտոնյայի այցի նախօրեին Ադրբեջանը դիվերսիա է արել ԼՂՀ հարավ-արեւելյան սահմաններին: Բացի այդ, աննախադեպ գնդակոծության են ենթարկվել Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, եւ Կարմիր խաչը նույնիսկ հայտարարություն է տարածել այդ բնակավայրերում բերքահավաքի ժամանակ իր ներկայությունն ընդհատելու մասին:

 

Չնայած Ադրբեջանի այս ակնհայտ քայլերին, միջազգային արձագանքներում, այնուամենայնիվ, կողմերը միշտ «հավասարեցվում» են, եւ չեն լինում նրանցից որեւէ մեկին դատապարտող հայտարարություններ: Նույնիսկ Չինարի գյուղում իր «առաքելությունը» դադարեցրած Կարմիր խաչի հայտարարության մեջ չի նշվում, թե որ կողմից է եղել գնդակոծությունը, թեեւ նույնիսկ բույսերին էր պարզ, թե որ կողմից են կրակում:

 

Դատելով միջազգային ներկայիս զարգացումներից, բանը մոտ ապագայում դժվար թե հասնի լայնածավալ պատերազմի: Տարածաշրջանի խաղացողներից նման ցանկություն կարող է ունենալ Ռուսաստանը, տարբեր պատճառներով, սակայն Մոսկվան ներկայում այն վիճակում չէ, որ կարողանա նախաձեռնել ու վերահսկել այդ պատերազմի ընթացքն ու արդյունքը:

 

Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում Ադրբեջանի զինված ակտիվությունը տեղավորվում է ինչ որ «միջազգային տրամաբանության» մեջ եւ նպատակ ունի բաց թողնել «գոլորշին»: Այդ երկրում Ռուսաստանը բավականաչափ զենք է կուտակել, բացի այդ, ներքին հռետորաբանությունն Ադրբեջանում բարձրացվել է այնպիսի մակարդակի, որ այդ զենքը պետք է կրակի:

 

Հայաստանը նույնպես գործում է այդ «տրամաբանության» մեջ, պնդելով Մինսկի խմբի ձեւաչափը եւ խաղաղ կարգավորումը: Հայաստանը զինված ուժերի կտրուկ դիրքորոշման շնորհիվ վերջերս մերժեց ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան, ինչն անարձագանք չմնաց շահագրգիռ պետությունների կողմից, որոնք շտապեցին այս կամ այն ձեւով աջակցություն հայտնել այդ քայլին:

 

Մյուս կողմից, սակայն, կա մեկ այլ «տրամաբանություն», ըստ որի Ադրբեջանը խնդիրներ է հարուցում տարածաշրջանի հարցերով շահագրգիռ տերությունների առջեւ, այդ թվում՝ Ռուսաստանի, իհարկե՝ տարբեր կոնֆիգուրացիաներով: Ըստ այդմ, Հայաստանը կարող է ձեռնարկել այդ «տրամաբանությունից» բխող քայլեր, ինչպես օրինակ Նախիջեւանում:

 

Վերջերս հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի օրինակով պատրաստվում է ստեղծել մասնավոր զինված ուժեր, որոնք ենթարկվելու են ՖՍԲ-ին: Այդ բանակներն անում են այն, ինչը պետական կառույցների համար կարող է խնդրահարույց լինել թե դրված խնդիրների, թե միջազգային իրավունքի տեսակետից:

 

Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի եւ պարտավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները: Օրինակ, Ղարաբաղյան պատերազմի վետերանները, որոնց բանտարկելու փոխարեն կարելի է ներգրավել սահմանների պաշտպանության գործին, լուծելով նրանց սոցիալական խնդիրները:

 

Վերջերս Տավուշ հայրենակացական միությունը հանդես էր եկել իր ուժերով զինված պաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ հայտարարությամբ, նշելով, որ պետք է հարվածներ հասցնել Տավուշին սահմանակից Ադրբեջանի խոշոր բնակավայրերին եւ ստեղծել անվտանգության գոտի:

 

Այս հնարավորությունները պետք է օգտագործել, ստեղծելով զինված ստորաբաժանումներ, որոնք կդրվեն հայկական բանակի տրամադրության տակ: Իսկ այդ կառույցների ֆինանսավորումը պետք է դնել օլիգարխիկ շրջանակների ու միլիոնատեր գեներալների վրա:

Բացի այդ, օլիգարխներն ու նրանց «հավասարեցված» անձինք ունեն թիկնապահների բանակներ, որոնք ծառայում են նրանց՝ ծեծելով ու սպանելով մարդկանց, ազատամարտիկներին: Նրանց պետք է ազատել այդ նվաստ վիճակից, առանձին ստորաբաժանումներ ստեղծել եւ ուղարկել սահման՝ ծառայելու հայրենիքին:

 

Այդպիսով, օլիգարխներից գոնե մի հարցում օգուտ կլինի Հայաստանին:

Հայաստանի պաշտպանությունը հատկապես ներկայիս «անցումային» շրջանում պահանջում է ռեսուրսների կենտրոնացում եւ պարբերաբար կործանիչ հարվածներ Ադրբեջանին, ինչը լիովին տեղավորվում է միջազգային քաղաքականության ներկայիս տրամաբանության մեջ:

 

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ