Գլխավոր » ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ
18:44
Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ 
միայն որբեր ու մեռնող ժողովուրդ...

Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-45-ում 

Եվ երբ օսմանցիները մտան Ախալքալաք և նրա գավառը, այժմ էլ հայ ազգաբնակչության հեծեծանքն էր, որ բարձրանում էր երկինք։ Տասնյակ հազարներով մարդիկ, փրկություն որոնելով թշնամու սրից, կրակից, առևանգումներից և բռնաբարություններից, պոկվեցին իրենց հողից ու փախան դեպի Բորժոմի կիրճը, բայց այստեղ մատնվեցին կատարյալ բնաջնջման։

Նուխու, Արեշի, Գյոկչայի և Շամախու գավառներում, երբ օսմանյան զորքը, փախցնելով դաշնակցական կռվող խմբերը, գրավեց նրանց բռնած հայ գյուղերը, սկսվեց հայ ազգաբնակչության ընդհանուր և համատարած կոտորած, բոլոր գյուղերը հողին հավասարեցվեցին, ազգաբնակչության մի մասը փախավ Բաքու, մյուսը՝ դեպի Վրաստան, բայց հենց այդ փախուստի մեջ էլ գտավ իր կորուստը։ Նախիջևանի և նրա գավառի հայերն էլ բնաջինջ եղան Անդրանիկի արշավանքի հետևանքով։ Եվ այս բոլոր արյունոտ տեսարանները լրացնում էր մի ահռելի սպանդանոց՝ Բաքուն։

Դաշնակցությունն արկածախնդրական ձեռնարկումներ շատ ունի իր պատմության մեջ, բայց այս մեկը՝ Բաքուն սեփականելը, Բաքվին տիրանալը, եզակի է շատ ուրիշների մեջ։ Բաքուն, շրջակայքը, ամբողջ նահանգը հոծ թուրքական ազգաբնակչությամբ է լեցուն, հայությունն այնտեղ [ընդամենը] մի բան, և այդ բանն իր ձեռքն է առել մեծ արդյունաբերական կենտրոնն ու պատերազմ է մղում Թուրքիայի դեմ...

Բաքվի ճակատագիրն արդեն որոշված էր։ Այդ իսկույն հասկացան Էնզելիից եկած անգլիացիները... Կարծել էին, թե Բաքվում բավական շատ զորք կա թուրքերին ետ մղելու համար, բայց տեսել էին այդտեղ քայքայման վիճակին հասած հայ զորամասերը։ Ուստի, ավելորդ համարելով զուր տեղից վտանգի ենթարկվելը, մի օր վեր կացան և նավ նստելով էլի գնացին Էնզելի։ Ճակատի տերը մնաց դարձյալ Դաշնակցությունը։ Պաշարող օսմանցիները առաջարկեցին նրան հանձնել քաղաքն առանց կռվի, բայց նա մերժեց այդ առաջարկը՝ հրատարակելով մի մեծախոս, հպարտ և սպառնական կոչ։ Թուրքական գրոհները հետզհետե մոտենում էին քաղաքին։ Վերջին պահին դաշնակցականները և իրենց զորքերը նստեցին նավերի մեջ և փախան Էնզելի. քաղաքում մնացին գլխավորապես նրանք, որոնք, միջոց չունեին փախչելու, այսինքն՝ աղքատ ազգաբնակչությունը, մեկ էլ՝ Շամախու և Գյոկչայի գավառների փախստական գյուղացիները, որոնք ապրում էին փողոցներում, իրենց սայլերի մեջ։ Երեք օր օսմանյան զորաբաժիններին և տեղական թուրքերին թույլ տրվեց անել Բաքվի հայերին՝ ինչ ուզում են։ Մուսավաթականները մարտի դեպքերի վրեժն էին հանում։ Տները և փողոցները լցվեցին դիակներով, ավարն ու կողոպուտն ահագին էր, որովհետև Բաքվի հայ բուրժուազիան կուտակումների սիրահար էր։ Օսմանյան ասկյարներն ու սպաները մեծ քանակությամբ ավար էին ուղարկում Թուրքիա, իրենց տները... Ընդհանուր առմամբ Բաքվի հայությունը 1918-ի սեպտեմբերին կորցրեց մոտ 30 հազար հոգի։

Կարծում եք, թե բանը միայն մասսայական սպանությունների մե՞ջ է։ Ո՛չ։ Հայ ժողովուրդը սոսկալի դրամաներ էր ապրում օրից օր, շաբաթներով, ամիսներով։ Չկար այն ժամանակ մարդկային ամբողջ ցեղի մեջ ավելի արհամարհված, ավելի ստոր, մարդկային կերպարանքից ընկած և անասուններից էլ վատթար դրության մատնված թշվառական հատված, քան հայությունը։ Նուխու գավառի փախստական հայերը հավաքված են Ալազան գետի ձախ ափին, փրկություն են որոնում «քրիստոնյա», կուլտուրական Վրաստանում, որտեղ դեմոկրատիկ հանրապետոթյուն է հռչակված, և նրա գլուխ կանգնած են սոցիալ-դեմոկրատները։ Բայց դժբախտներից ոչ մեկին թույլ չեն տալիս անցնել աջ ափը... Այնտեղ մեռնող ժողովուրդը գոնե օտարահպատակներ են։ Գնանք Բակուրիանի լեռան գլուխը։ Այստեղ Վրաստանի հպատակ հայերն են՝ Ախալքալաքի գավառից փախստականները։ Նրանք չեն կարող մնալ օսմանցիների տիրապետության տակ, ուզում են անցնել Վրաստանի մի այլ կողմը կամ էլ՝ Հյուսիսային Կովկաս։ Անկարելի է։ Մենշևիկների զորքը կանգնած է, թույլ չի տալիս իջնել սարից։ Հենց այդպես էլ, այդ լեռնային խոշոր բարձրության վրա կազմվում է թշվառության մի բանակ, մահվան մի ճամբար... Մի պահ ամեն օր կոտորվում էր մինչև 600 երեխա, ապրելու համար ծնողներն իրենց աղջիներին ծախում էին պոռնկության։ Մենշևիկների վրա ոչինչ չէր ազդում...
Կարծում եք, թե միայն օտա՞րն էր քարսիրտ։ Սխալվում եք։ Թիֆլիսի փողոցները լցվել էին անտեր, փոքրիկ որբերով։ Նրանք մեռնում էին քաղցից, մեռնում էին այս մեծ քաղաքում, մարդկանց աչքի առաջ և փողոցներում։ Մի երեխա մեռել էր հենց շտաբի մայթի վրա։ Իմ բարեկամներից մեկն ինձ պատմել է, որ հենց այդ սև օրերին հայ բուրժուաներից մեկը ճոխ թեյասեղան էր սարքել իր հյուրերի համար, ինքն էլ նստած «պիրոժնիներ» էր ուտեցնում իր շնիկին…

1918-ի սուգ ու կսկիծ ամռանը հայերն էլ, վրացիների և ադրբջանցիների նման, պատվիրակություն էին ուղարկել Կ.Պոլիս՝ իբրև թե մի նոր կոնֆերանս կազմելու համար, որին պիտի մասնակցեին նաև Թուրքիայի դաշնակից պետությունները՝ Բուլղարիան, Ավստրիան և Գերմանիան։ Հայկական պատվիրակության գլուխն էր Ավետիս Ահարոնյանը։ Եվ ստացվում էր ցավալի ու հեգնական հակադրություն։ Այստեղ հայ ժողովուրդը փչանում էր արագորեն և գնում էր դեպի ձմեռ՝ սոված ու ավելի անողոք ջարդարար։ Իսկ այնտեղ՝ Բոսֆորի ափում, Թոքաթլիայի առաջնակարգ հյուրանոցում բնակություն էր հաստատել այդ նույն ջարդվող ու ոչնչացող ժողովրդի ներկայացուցչությունը, որ մազի չափ օգնություն չէր հասցնում, բայց դիպլոմատիա էր ներկայացնում, այսինքն՝ ընդունում և տալիս էր այցելություններ, զանազան դատարկ հայտարարություններ էր անում։ Դիվանագիտական տակտը պահանջում էր, որ Հայաստանի պատվիրակության նախագահը ներկայանա սուլթանին։ Եվ Ավետիս Ահարոնյանը ներկայացավ, հաճոյական խոսքեր ասաց սուլթանին, արժանացավ նրա համակրական ակնարկին… 

Հաղթողի քմահաճույքն էր ստեղծել երեք հանրապետություններ Կովկասյան մեծ լեռնաշղթայի հարավային կողմերում։ Եվ քմահաճույքի ու խժական բռնության ամենաթշվառ վիժումն էր «անկախ» կոչված Հայաստանը… Չկար ավելի մեծ հեգնանք, ավելի անողորմ ծաղր, քան այդ «անկախ» անունը։ Անկախ չէր անդրկովկասյան հանրապետություններից և ոչ մեկը, բայց Հայաստանի «անկախությունը» ոչ մեկին նման չէր։ Մի մեռնող ժողովրդի պետություն էր այդ՝ մի ափ հողամասով, աղքատ, կործանված մի երկիր...

1918-ի թշվառագույն ամառն էր, որ Քաջազնունին Թիֆլիսում կազմած իր կառավարությունը տանում էր Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք։ Թիֆլիսից ուղևորումը մի կատարյալ ստորացում և արհամարհանք էր անկախ երկրի անկախ կառավարության համար։ Մի կերպ կարողացան ազատվել Թիֆլիսի կայարանի մենշևիկ ծառայողների քմահաճույքներից, գնացին Աղստաֆա և այդտեղից ավտոմոբիլներով՝ Երևան։ Այնտեղ նրան սպասում էր ավերակ երկիրը իր կոտորվող ժողովրդով։ Ոչինչ չկար, նույնիսկ տներ՝ կառավարությունը տեղավորելու համար։ Մինչդեռ Վրաստանը և Ադրբեջանը գտնվում էին անհամեմատ բախտավոր պայմանների մեջ։ Վրաստանն ստանում էր իբրև մայրաքաղաք՝ Թիֆլիսը, որ մինչև այդ եղել էր ամբողջ Կովկասի մայրաքաղաքը և կենտրոնացրել էր իր մեջ ահագին քանակությամբ պետական և հասարակական հիմնարկություններ, պահեստներ՝ իրենց մեծամեծ շինություններով, և այլն, և այլն։ Դրանց մեծագույն մասը պետք էր համարել ընդհանուր Կովկասյան ժառանգություն, բայց վրացի մենշևիկները չտվին մյուս ժառանգորդներին և ոչ մի հատ, ինչպես ասում են, ոլորած թել։ Ավելացնենք այս բոլորի վրա և այն, որ հայ բուրժուազիան զարդարել էր Թիֆլիսը բազմաթիվ հոյակապ և մեծամեծ շինություններով։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն պակաս գեղեցիկ չէր և բարեզարդ, նույնիսկ գերազանցում էր Թիֆլիսին՝ իբրև արդյունաբերական համաշխարհային կենտրոն։ Առհասարակ Ադրբեջանը տնտեսապես ամենքից ուժեղն էր, քանի որ իր ձեռքում ունի բնական հարստություններով օժտված Արևելյան Անդրկովկասը։

Փոխհարաբերություններն այդ երեք «անկախությունների» միջև չէին կարող երբեք լինել փոքրիշատե տանելի, որովհետև երեքի մեջ էլ տիրողը գազանային նացիոնալիզմն էր։ Հայ դաշնակցականներին արդեն ճանաչում ենք, վրացի մենշևիկներին տեսանք այն վերաբերմունքով, որ նրանք ունեցան դեպի հայ մեռնող փախստական ժողովուրդը։ Իսկ «Մուսավաթը»՝ իբրև երիտթուրքերի աշակերտ, լցված էր ռազմատենչ իմպերիալիզմով ամբողջ Կովկասի վերաբերմամբ և մասնավոր կատաղի թշնամություն ուներ մանավանդ հայերի դեմ։ Դեռ հազիվհազ խանձարուրից դուրս եկած իբրև պետություն, դեռ ոչինչ շինարարական շնորհք ցույց չտված, «Մուսավաթը» հայրենասիրական երգ էր դարձնում իր զինվորների համար. «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» («Մեկ, երկու՝ Կովկասը մերը»)։ Իսկ երբ սպան հարցնում էր. «Դուշմանըմըզ քի՞մ դըր» («Թշնամիներս ո՞վ է»), ամենքը պատասխանում էին. «Էրմանի» («Հայը»)։ 

Թշնամությունների առիթներն էլ մշտապես անպակաս էին՝ սահմանային վեճերը։ Վրաստանը դեռ Բաթումի պայմանագրից առաջ որոշել էր, թե իր հարավային սահմանը պիտի կազմի Սևանի լիճը, և սոցիալիստ Ծերեթելին, որ մի ժամանակ ռուսաց մեծ հեղափոխության գեղեցկությունն էր համարվում և այժմ դարձել էր վրացական մի ողորմելի շովինիստ, հենց այդպիսի մի առաջարկություն էր բերում հայերին, այն է՝ հանձնել վրացիներին Փամբակը, Դիլիջանը։ Հետո վրաց մենշևիկները պինդ կպան ցարական ժամանակի Թիֆլիսի նահանգին և պահանջում էին, որ այդ նահանգն իր բոլոր սահմաններով մտնի Վրաստանի մեջ, որ նշանակում էր հափշտակել նաև այնպիսի զուտ հայաբնակ շրջան, որպիսին Լոռին էր։ Միևնույն եղանակին հետևում էր և Ադրբեջանը։ Վերցնելով Գանձակի նահանգը, նա համարում էր լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը իր անկողոպտելի սեփականություն, թեև այդտեղի հայ ազգաբնակչությունը հասնում էր 200 հազարի։ Միևնուն ժամանակ մուսավաթական Ադրբեջանն իրենն էր համարում Հայաստանի մեջ գտնվող թուրքաբնակ շրջանները... Այս տեղերում ադրբեջանական դրամն ու գործակալները պահում էին մշտական ապստամբական դրություն։ Այս սահմանավեճերը միայն Հայաստանի համար գոյություն ունեին, միայն նրա կյանքն էին դժոխային դարձնում։ Թե չէ՝ հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև վատ չէին. մենշևիկները նույնիսկ դաշինք էին կապել մուսավաթականների հետ Ռուսաստանի դեմ։ Նրանք յուրացրել էին քաղաքական հանգամանքներն օգտագործելու արհեստը, և դա նրանց հաջողվում էր շնորհիվ նպաստավոր պայմանների...

Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերը դարձրեց հայկական Ղարաբաղի դեմ և գրավեց Շուշին՝ ճանապարհին ռմբակոծելով և քարուքանդ անելով մի քանի գյուղ։ Հերթն այնուհետև պիտի գար Զանգեզուրին, իսկ դրանից հետո նաև, ինչպես ամենքն էին սպասում, Երևանին։ Բայց այդ միջոցին համաշխարհային պատերազմի երկու բեմերում տեղի ունեցան խոշոր դեպքեր, որոնք և փրկեցին Երևանի դժբախտ հանրապետությունը։ Նախ Բուլղարիան ջարդվեց Սալոնիկի ճակատում, և Թուրքիան կտրվեց Գերմանիայից, ապա գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում վերջնականապես ջախջախեց թուրքական բանակը, և արյունարբու սուլթանիզմը զինադադար և հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը։ Հայերը վերջապես կարող էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել։ Ալեքսանդրապոլը, երկաթուղին նորից հայերի ձեռքն անցան, թեև առանց վագոնների և շոգեշարժերի, որոնք վրացական կառավարության սեփականությունն էին դարձել։ Գերմանական զորքերը հեռացան Վրաստանից. Արևելքի տերն Անտանտն էր։ Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, և հրամանատար գեներալ Թոմսոնը իրապես դարձավ դիկտատոր Անդրկովկասի «անկախ» հանրապետությունների մեջ։ Կ.Պոլիսը գրավեցին դաշնակից զորքերը՝ մեծ հրճվանք պատճառելով հույներին և հայերին։ Անգլիական մի զորաբաժին էլ Բաթումի կողմից ներս մտավ և գրավեց Թիֆլիսը… 

Անգլիան՝ այդ «բուխգալտերը», ինչպես միշտ, Կովկաս գալով առաջին իսկ քայլերից հաշվի առավ, թե ումից ինչ կարող է վերցնել։ Հաշիվը շատ պարզ էր. Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ միայն որբեր ու մեռնող ժողովուրդ...

Քաջազնունու կառավարությունը, հազիվհազ ազատվելով թուրքական կոշմարից, պիտի ըստ երևույթին իր բոլոր ուժերը կենտրոնացներ մյուս՝ ավելի ահռելի կոշմարի՝ սոված ձմեռվա դեմ կռվելու համար։ Այս նպատակով նա մի քանի քայլեր արավ, և դրանցից մեկն էր հայկական բուրժուազիայի վրա կռթնելը։ Կառավարությունը ստացավ կոալիցիոն կերպարանք. մի քանի պորտֆելներ ստացան Ժողովրդական կուսակցության անդամները։ Սակայն, սրանք էլ միանգամայն ապիկար հանդիսացան և չկարողացան ստեղծագործական փոքրիշատե նշանակալի թափ արտաբերել։ Պատճառը միայն անձնական անկարողությունը չէր։ Դաշնակցական պետությունն արդեն հինգ ամսվա գոյություն ուներ, և արդեն շատ պարզ էր, որ նա կարող էր լինել միայն վատուժ, անպտուղ, թշվառ։ Նրա կազմակերպությունն էր այդպես։ Նույնիսկ թևակոխելով «անկախության» բարձունքները՝ Դաշնակցությունը չէր կարողանում ազատագրվել իր հին մեղքից՝ ֆիդայականությունից։ Ընդհակառակը, հենց այս ֆիդայականությունն էլ նա բերում դնում էր իր կազմակերպած պետության գլուխ։ Հայաստանը, լավ թե վատ, բանակ ուներ, սպաներ և գեներալներ ուներ։ Բայց զինվորական բարձր հրամանատարությունը դաշնակցականները հանձնել էին իրենց խմբապետներին, որոնց ենթարկվում էին բանակի ողորմելի գեներալները։ Հայ-վրացական սահմանագլխում գտնվող զորքերի հրամանատարն էր խմբապետ Դրոն, որի ռազմագիտական տաղանդների հետ, դժբախտաբար, ես ծանոթություն չունեմ։ 1918-ի վերջերում շատ սուր կերպարանք ընդունեց սահմանային վեճը հայերի և վրացիների միջև Լոռիում։ Երկու կողմերն էլ մեղավոր էին. վրացիները գուցե ավելի շատ, որովհետև ռազմատենչ նացիոնալիզմը նրանց մեջ չափազանց առաջ էր գնացել շնորհիվ այն հանգամանքի, որ նրանք ամենքից շատ ունեին զենք, ռազմամթերք և պատերազմական հանդերձանքներ, որ մնացել էին ռուսներից և մասամբ էլ ձեռք բերվել հեռացած գերմանացիներից։ Սակայն վեճը շատ հեշտ կարելի էր լուծել բանակցություններով։
Դրոն այդպես չուզեց։ Պատերա՜զմ… Էլ ո՞ր օրվա համար էր ֆիդային։ Պատերազմ մի այնպիսի ժամանակ, երբ սովն էր աջ ու ձախ հնձում, մի կատարյալ ոճիր էր հանդեպ այդ մեռնող ժողովրդի։ Եվ նրան ոչ ոք չէր ուզում։ Չէր ուզում հենց ինքը՝ դաշնակցական կառավարությունը, որ արգելել էր Դրոյին անցնել սահմանը... Այն ժամանակ նա հեռագրեց՝ թեև չեք թույլատրում, բայց ես անցնում եմ սահմանը։ Դաշնակցական կառավարությունն ի՞նչ կարող էր անել իր ամենակարող խմբապետին, եթե ոչ հնազանդվել նրան, իսկ Ժողովրդական կուսակցության անդամներն էլ համակերպվեցին այդ հնազանդությանը՝ իրենց ողորմելի պորտֆելները պահպանելու համար…

Եվ այսպես պայթեց հայ-վրացական պատերազմը։ Եթե երբևիցե հայ պատմագրությունը պիտի հավաքի, դասավորի և արձանագրի այն բոլոր թշվառությունները, որոնք թափվեցին կովկասահայ ժողովրդի գլխին 1918-ի ապրիլից սկսած, ուսումնասիրողը շատ պիտի ապշի՝ տեսնելով այդ սարսափների ծովի վերջում այս ոճրագործությունը՝ մի պատերազմ, անհասկանալի, ամոթաբեր ու վայրենի բոլոր տեսակետներից, բացի հախուռն և սանձակտուր ֆիդայականությունից…
Պատերազմը կարճ տևեց։ Դրոն, ապստամբեցնելով Վրաստանի հպատակ հայությունը, առաջացավ Շուլավերից էլ դեպի հյուսիս, բայց ետ քշվեց այդ տեղից մինչև Սադախլո։ Աննկարագրելի է այն կատաղությունը, որ պոռթկաց հայերի դեմ Վրաստանում ամենուրեք։ Հիմա էլ վրացական զորքն էր, ադրբեջանականի նման, իր երգերի մեջ թշնամի հայտարարում հայերին։ Ամեն տեղից մարտական խմբեր էին գնում կռվելու այս նոր թշնամու դեմ։ Եվ այդ այն ժամանակ, երբ Երևանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները։ Խե՜ղճ ժողովուրդ, զոհ էր սեփական տան անկարգության…
(«Անցյալից»-ը ամբողջությամբ զետեղված է «Նոր էջի» բլոգում՝
nor-ej.blogspot.com)

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ