Գլխավոր » «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ» ՉԵՆՔ ԱՍՈՒՄ, ԱՅԼ՝ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ...
«ՄՆԱՍ ԲԱՐՈՎ» ՉԵՆՔ ԱՍՈՒՄ, ԱՅԼ՝ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ...
19:02
«Բարեբախտաբար թե դժբախտաբար, աշխարհում չկա այնպիսի մի բան, որ վաղ թե ուշ չվերջանա»,- մի առիթով ասել է մեծ գրող Ա. Պ. Չեխովը։ Հնչեց նաև «Նոր էջ»-ի՝ իր ընթերցողին հրաժեշտ տալու ժամը։ Շատերը երևի թե ցավով կընդունեն դա, անշուշտ կգտնվեն այնպիսիք, որոնց համար դա ցնծալու առիթ կլինի։ Թվում է՝ մեր երկրի համար ոչինչ չի փոխվի դրանից։ Սակայն բոլոր նրանք, ովքեր խորապես հասկանում են, թե ինչ ասել է Երկիր, Պետություն, Հայրենիք, կզգան, որ այնուամենայնիվ մի ինչ-որ բան կփոխվի դրանից՝ զարգացման ժողովրդավարության ուղի ընտրած մեր երկիրը զրկվում է անկախ միակ տպագիր թերթից։

Անշուշտ մի քիչ ուշ կամ մի քիչ շուտ երևան կգան անկախ նոր թերթեր, կծնվեն նոր պարբերականներ։ Կյանքը կանգ չի առնում։ Համենայն դեպս, մեր թերթն իր գոյության 4 տարում հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի շարքային արցախցին, Արցախի ցանկացած քաղաքացի հասկանա, որ այս երկիրը բոլորինս է՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, անկախ՝ գլխի կամ գրպանի պարունակությունից ու չափերից։ Եվ յուրաքանչյուրը պետք է սիրի, հարգի մեր այս երկիրը, ցավի նրա կորուստների ու սխալների համար, դեռ ավելին՝ իրենից կախված հնարավոր ամեն բան անի՝ սխալները, թերացումները շտկելու համար։

«Նոր էջ»-ի նպատակն է եղել նաև մարդկանց ցույց տալ ու ապացուցել, որ Ազատությունը (այդ թվում՝ խոսքի) ի վերուստ չի տրվում։ Այն նվաճում են։ Յուրաքանչյուրն ինքն է գծում իր ազատության սահմանները։ Ամեն ոք ինքն է որոշում ազատության իր «նշաձողի» բարձրությունը։ Եթե այսօր որևէ անհատի (լրագրողի, պաշտոնյայի, շարքային ծառայողի) արհամարհում են, ինչպես ասում են՝ մարդատեղ չեն դնում, վիրավորում են, ապա դրա ամենամեծ ու հիմնական մեղավորը նա ինքն է՝ իր վախվորած գործելակերպով, ողորմելի պահվածքով։ Նա ինքն է մեղավոր, որ տարիներ շարունակ իր ազատության, արժանապատվության «նշաձողը» պահել է գոտկատեղից ցած, հաճախ՝ գետնի վրա։

Մենք փորձել ենք հասկացնել, որ Արցախի ճակատագիրը որոշելը որևէ մեկի մենաշնորհը չէ։ Հատկապես երևանյան իրենց փափուկ բազկաթոռներին բազմած պարոնների։ Արցախի այսօրն ու վաղը պիտի որոշենք մենք, բոլոր նրանք, ովքեր ապրում են այս հողում, ովքեր պահում-պաշտպանում են այս հողը։ Արցախը, արցախցին ոչ մեկին չի լիազորել երևաններում որոշելու մեր հայրենի եզերքի ու մեր ժողովրդի ճակատագիրը։ Տարբեր հրապարակումներում մենք քննադատել ենք երևանյան ղեկավարների պարտվողական, անմտածված ու ապաշնորհ քաղաքականությունը՝ Արցախյան խնդրում, և այն ներկայացում-շոուն, որ հրամցվում է որպես բանակցություն՝ «մադրիդյան սկզբունքներ» կոչված խայտառակ հայակործան սցենարով...

Անցած չորս տարում գործի բերումով մենք հանդիպել ենք բազմաթիվ մարդկանց՝ շարքային քաղաքացիների թե պաշտոնյաների։ Հաճախ ուրախացել ու հպարտության զգացում ենք ունեցել՝ մեր առջև Մարդ տեսնելով, իսկ ոմանց թթված ու բյուրոկրատական տեսքից ալերգիա ենք ունեցել և փորձել հնարավորինս շուտ ազատվել նրանց ներկայությունից... Բարեբախտաբար, վերջիններս շատ ավելի քիչ էին։ Մեզ հանդիպածների մեջ Մարդիկ ավելի գերակշռող էին։ Եվ, ամենակարևորն ու ամենաուրախալին՝ հակառակ սպասածին, պաշտոնյաների մեջ նույնպես բազմաթիվ Մարդիկ կան...

Երևի թե ցանկացած քաղաքակիրթ ազգի ու երկրի համար մեծ պատիվ է, օրինակ, Արթուր Ամիրջանյանի, Արայիկ Դոլուխանյանի, Գենադի Բադալյանի, Էդուարդ  Պետրոսյանի պես քաղաքացի, մասնագետ, բարեխիղճ պաշտոնյա ունենալը... 

Ինչևէ։ Հարգելի ընթերցող, մենք «Մնաս բարով» չենք ասում, այլ՝ Ցտեսություն։ Թերթի կայքն ու բլոգը շարունակելու են գործել։ Հնարավոր է՝ ավելի հաճախակի թարմացվեն։ Դարձյալ կարող եք թղթակցել մեզ, գրել ձեր մեծ ու փոքր խնդիրների և ձեզ հուզող զանազան այլ պրոբլեմների մասին։ Ցտեսություն։ Նաև՝ շնորհակալություն 4 տարի շարունակ մեր համարներին սպասելու և մեզ հավատալու համար...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ