Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ով է այս նամակի հասցեատերն ու որտեղ է ապրում։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա կա։
Երբ մոտավորապես մեկուկես տարի առաջ ես ու ամուսինս (այն ժամանակ դեռ ամուսնացած չէինք) որոշեցինք տեղափոխվել Քարվաճառ, հարցերն ու կասկածները շատ-շատ էին։ Մի կողմից հասկանում էինք տարածքի զարգացման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ այդքան մեծ փոփոխություն։ Այստեղի հնաբնակները (նրանք, ովքեր տեղափոխվել են սրանից 10-13 տարի առաջ) մեզ ասում են, թե հիմա Քարվաճառում ապրելը խաղուպար է, դուք պետք է մի տասը տարի առաջ եկած լինեիք, որ իմանայիք, թե դժվարությունը որն է։ Հիմա այստեղ լույս կա, ջուր կա, հեռուստատեսություն, խանութներ, տրանսպորտ՝ լավից, վատից, անգամ համացանց կա։ Իհարկե, այդ ամենը ճիշտ է։ Բայց մենք այսօր թողել ենք Երևանը, որտեղ թատրոններ կան, համերգասրահներ, պատկերասրահներ, խանութներ՝ հազար ու մի տեսակի, ու որ ամենակարևորն է՝ մեր մտերիմ մարդիկ։ Ինչո՞ւ եմ սա ասում. որպեսզի պարզ լինի, որ այսօր էլ այդ տեղափոխությունը համարյա նույնքան դժվար է, որքան եղել է 15 տարի առաջ, քանզի 90-ականների վերջին Հայաստանի մյուս բնակավայրերում էլ ամեն ինչ իդեալական չէր։
Վերջնական տեղափոխումից առաջ այստեղ եղել եմ երեք անգամ։ Ու ամեն երեկո քնելուց առաջ մտածում էի՝ արդյո՞ք ես կկարողանամ այստեղ ապրել։ Մի երեկո պատասխանը դրական էր լինում, մյուս երեկո՝ անորոշ… Սակայն երբ վերջնականապես տեղափոխվեցի այստեղ՝ հաջորդ օրն իսկ հասկացա, որ կասկածելու ու մտածելու ոչինչ չկար. հենց այստեղ ես պիտի ապրեմ ու վերջ։
Ասեմ քեզ, որ այստեղ ապրող մարդիկ սովորական են, բոլորի նման, շատերն այստեղ են տեղափոխվել կարիքից դրդված՝ նախորդ բնակավայրում հաջողության չհասնելով, ու Քարվաճառը նրանց կյանքը նորից սկսելու մի հնարավորություն է տվել։ Կան նաև փախստականներ Հյուսիսային Արցախից։ Թեև քիչ թվով, բայց կան մարդիկ, ովքեր Քարվաճառում են տարածքի զարգացման կարևորությունը գիտակցելով միայն։
Միգուցե գալուց առաջ պատկերացումները մի քիչ խորհրդավոր ու միստիկ լինեն, ես հիմա դրանք չեմ ցրի, բայց կզգուշացնեմ միայն, որ սա ամենևին էլ արկած չի, եթե որոշել ես վերջնական տեղափոխվել։ Պետք է պատրաստ լինես դժվարությունների՝ կենցաղայինից մինչև հոգեբանական։ Ոչ բոլորն են քեզ այստեղ սպասում. նոր եկող ընտանիքների համար տներ չեն կառուցվում։ Բայց դա երբեք չի նշանակում, որ դու չպետք է գաս։ Եթե հաստատ որոշես գալ, մինչև քո սեփական տունը կառուցելը քարվաճառցիները քեզ դրսում չեն թողնի։ Հասկանում եմ՝ ուրիշի տանն ապրելն իր դժվարություններն ունի, բայց դրանք անհաղթահարելի չեն ու ժամանակավոր են։ Ասեմ, որ մեր բախտն այս առումով բերել է։ Մենք այժմ հոյակապ մարդկանց տանն ենք ապրում։
Բարեկամուհիս, ով ապրում է Ռուսաստանում, իմանալով Քարվաճառ տեղափոխվելու որոշմանս մասին՝ իհարկե, լավ չհասկացավ, թե դա ինչ է նշանակում, թե ես ուր եմ տեղափոխվում, բայց հասկացավ, որ ինչ-որ մի տարօրինակ բան եմ անում։ Ասում է՝ Ռուսաստանի օրինակով բացատրի, ասենք, Մոսկվայից ո՞ւր ես գնում։ Մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ չեմ կարող բացատրել։ Ասում եմ՝ Ռուսաստանում չկա էդպիսի բան։ Զարմացել է՝ այդ ի՞նչ է, որ Ռուսաստանում չկա, բայց Հայաստանում կա։ Բա, ասում եմ, էդպիսի բաներ էլ են լինում, որ Հայաստանում կան ու Ռուսաստանում չկան։ Ասում եմ՝այդտեղ պատմության ընթացքում դարեր շարունակ հող կորցրած ու պետականությունից զուրկ մի ազգ չկա, որ մեկ էլ հանկարծ դարավոր կորստից հետո հող է ազատագրել իր արյունով, իր երիտասարդ կյանքերի գնով… Այդտեղ հայ զինվորի արյունով ազատագրած սրբազան հող չկա, որին տեր կանգնել է պետք։ Հասկացա՞ր, ասում եմ, որ դու ինձ չես հասկանա…
Իսկ դու, հուսով եմ, հասկացար, թե ինչու է անհրաժեշտ չնայած բոլոր դժվարություններին, մեծ ու փոքր խնդիրներին, գալ ու ապրել հենց այստեղ։ Ինչո՞ւ է անհրաժեշտ գիտելիքներդ ու կրթությունդ տալ այս տարածքի զարգացման ու ոտքի կանգնեցման համար։
Գիտես, ամեն օր երբ արթնանում եմ ու նայում եմ շրջապատող լեռներին, լեռների կատարների մեջ կորած ամպերին ու հեռվից հպարտ կանգնած Մռավին՝ հասկանում եմ, որ պրիմիտիվ ու անիմաստ են շատուշատ հարցեր, որ կա մի ավելի մեծ ու հզոր ուժ, որ օգնում է տարածքի բնակիչներին ապրել ու հաղթահարել ամեն մի փորձություն, հասկանում եմ, որ այս հողը վաղուց է կարոտ հայի ու որ իր զավակներին գրկաբաց է ընդունում…
Միգուցե սա քեզ հիմա պաթետիկ թվա, բայց սա ես առանց որևէ պաթոսի զգում եմ ամեն օր, ամեն անգամ քարվաճառցի փոքրիկների հետ ներկայացման փորձ անելիս, հարցազրույցի գնալիս, մարդկանց հանդիպելիս ու շրջանի գյուղերն այցելելիս….
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Քարվաճառի բնակիչ
|