Հայտնի է դարձել, որ Եվրոպական առաջատար պետությունները եւ Եվրամիությունը հրաժարվել են պաշտոնական պատվիրակության մակարդակով մասնակցել Սոչիի ձմեռային Օլիմպիադային: Սա բավական լուրջ քաղաքական ակցիա է ընդդեմ Ռուսաստանի ղեկավարության վարած քաղաքականության եւ լիովին տեղավորվում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման եւ շրջափակման ներկայիս քաղաքականության տրամաբանության մեջ:
Սոչիի օլիմպիադան ընդհանրապես վեր է ածվում խիստ խորհրդանշական իրադարձության, որը վեր է զուտ մարզական միջոցառումից եւ ցույց է տալիս Ռուսաստանի իրական ներքին ու արտաքին իրավիճակը: Նախ, օլիմպիադայի նախապատրաստությունն իր ողջ հմայքով ցուցադրեց Ռուսաստանի ներքին կյանքի բոլոր արատները՝ պետական մակարդակի կոռուպցիա, գողություն, փողերի բազմաշերտ լվացում, հովանավորչություն, ցուցամոլություն եւ այլն: Ծախսվել, ավելի շուտ գողացվել է այնքան փող, որով կարելի էր մի քանի օլիմպիադա անցկացնել:
Այս ամենը տեղի էր ունենում Ռուսաստանի կոշտացող արտաքին քաղաքականության ֆոնին: Պուտինը պատերազմ է հայտարարել բոլորին եւ փորձում է վերականգնել կայսրությունը, ճնշումներ գործադրելով նախեւառաջ նախկին խորհրդային հանրապետությունների վրա: Երկրում կրճատվում են սոցիալական եւ հումանիտար ծրագրերը եւ միջոցներն ուղղվում են սպառազինությունների մրցավազքին: Նկատելի է, որ Արեւմուտքը «խրախուսում» է այս երեւույթը, Ռուսաստանին ներքաշելով ռազմական հսկայական ծախսերի մեջ:
Ռուսաստանի տնտեսական ծանր իրավիճակի, տոտալ գողության, կապիտալի աննախադեպ արտահոսքի եւ էներգետիկ շուկաներում կոնյուկտուրայի՝ Ռուսաստանի համար անբարենպաստ փոփոխության ֆոնին, Մոսկվայի համար կայսրության անհրաժեշտ ծախսերը կարող են վերածվել տնտեսական ու քաղաքական կոլապսի: Այն կանխելու համար, Մոսկվան փորձում է իր հարեւանների հաշվին նոր «արյուն» ու միջոցներ ներգրավել, ընդ որում՝ ամենակոպիտ ու ստոր միջոցներով, ինչը հարուցում է այդ հարեւանների ատելությունը, որն ինչ որ պահի զգացնել է տալու ամենաանսպասելի դրսեւորումներով: Սոչիի օլիմպիադան լինելու է այս զարգացումների յուրատեսակ բաց մեկնարկը: Պուտինն իր կայսերական միջոցառումն՝ օլիմպիադան բացելու է իր նման անհաջողակ նախագահների շրջապատում, նրանց ցուցադրելով սեփական «վեհությունը»:
|