Մեր վրա փորձեր դնելու փոխարեն թող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական ազգանուն վերցնի եւ տեղափոխվի Բաքու: Այդ մասին ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Արամ Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված Ադրբեջան պետությունը չունի ոչ իրավական, ոչ այլ հիմք. «Կենտրոնի փորձագետները պատրաստել են փաստաթղթերի փաթեթ եւ մտադիր են քննարկումներ անցկացնել ռուսաստանյան կազմակերպությունների հետ, որ Ռուսաստանը, որպես խորհրդային Միության իրավահաջորդ, վերջապես որոշի այդ հարցը: ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների մասին վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, թե «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը եւ ադրբեջանական յոթ այլ տարածքներ»: Մենք բոլորս գիտենք, որ դա իրականում այդպես չէ:
Ավելի վատ էր Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որում բառացի ասվում էր, թե հայերն իրավունք չունեն ապրելու այդ տարածքներում: Իսկ որտե՞ղ պետք է ապրեն հայերը, որոնք Խորհրդային Ադրբեջանում 1988-90թթ. Ենթարկվել են ցեղասպանության: Նրանք իրենք են առաջարկել Մադրիդյան սկզբունքներն ու փախստականների վերադարձի հարցը: Թող ոչ ԱՄՆ-ը, ոչ այլ պետություն մեզ վրա փորձեր չդնեն: Թող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական ազգանուն վերցնի եւ տեղափոխվի Բաքու, իսկ մենք նայենք, թե որքան երկար նա կապրի այնտեղ: Մենք մեր առջեւ Բաքվում ապրելու խնդիր չենք դնում»:
Մանուչարյանը նաեւ նշել է, թե ազատազգրված տարածքների վերաբնակեցումը արգելվում է արտաքին աշխարհի կողմից, իսկ Հայաստանում տիրող իրավիճակն արդյունք է մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության: NEWS.am
|