Գլխավոր » ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿԱՆԻ
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿԱՆԻ
18:42
ՁԵՎԱՄՈԼՆԵՐԸ

- Աշխարհը կլոր է,- ասաց ձմերուկը։
- Ո՛չ, սեխաձև է,- առարկեց սեխը։
- Աշխարհը դդմի ձև ունի,- գոչեց դդումը։
- Վարունգաձև է,- պնդեց վարունգը։
Բանջարաբույծը կտրեց ձմերուկը՝ խակ էր։ Փորձեց սեխը՝ անհամ էր։ Դդումը փուչ էր, վարունգը՝ դառն։
Եվ նա հավաքեց այդ փքվածներին, նետեց աղբանոց ու ասաց.
- Սրանց նայեցեք, բովանդակությունը թողել, ձևի ետևից են ընկել։


ՆՈՐ ՊԵՏԸ

Կատուն մտավ մթերային խանութ և պահանջեց մի քանի մուկ կշռել։
- Մո՞ւկ,- զարմացավ մթերային խանութի վարիչ առնետը։
- Այո, մո՛ւկ։
- Սիրելիս, մեր մթերային խանութում մկան առևտուրն արգելված է։
- Իսկ այդ ո՞վ է արգելել։
- Մեր դիրեկտորը։
- Ձեր դիրեկտորն ո՞վ է։
- Դե, իհարկե, աղվեսը։
- Հիմա՛ր,- բարկացավ կատուն,- աղվեսին արդեն հանել են պաշտոնից։ Այսօրվանից ձեր դիրեկտորը ես եմ։ 
Առնետը խոնարհեց գլուխը։
- Խնդրեմ, իսկ ի՞նչ տեսակի մուկ եք ուզում՝ սառեցրա՞ծ, ապխտա՞ծ, աղա՞ծ, թե՞ կենդանի…


ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉԸ

Ուղտը հարցրեց փղին.
- Իսկ արենայում ծա՞նր է քո աշխատանքը։
- Ծանր չէ, բայց ստորացուցիչ է։
- Ի՞նչ ես անում։
- Չոքում եմ, նստում, պառկում, պարում…
- Բայց այդտեղ ի՞նչ ամոթալի բան կա, դու պարզապես կրկնում ես ինձ։
- Ահա հենց դա է ստորացուցիչը։


ԿԱՏՈՒՆ ՄԵԿ ՕՐՈՎ ԴԻՐԵԿՏՈՐ

Կատուն մեկ օրով փոխարինում էր արջին։ Արջավարի փնթփնթաց, արջավարի թաթը սեղանին խփեց, հետո փորձեց արջավարի գոռալ, բայց մլավեց։
- Այդ մեկ չեղավ,- ասաց փիղը։- Արջին հասնելու համար ոչ միայն արջի ախորժակ, այլև արջի ստամոքս ու կոկորդ է հարկավոր։


ՀԱՄԱՐՁԱԿԸ

Նապաստակը ժողովում արջին անվանեց բյուրոկրատ, գայլին՝ թալանչի, բորենուն՝ գող և մնաց անպատիժ։
Չէ՞ որ դրանից առաջ նա առյուծին անվանել էր իմաստուն, վագրին՝ մեծահոգի, փղին՝ ուսուցիչ։


ՍԱՊԱՏԱՎՈՐ ԷՇԸ

Էշը զզվեց էշությունից և որոշեց ուղտ դառնալ։ Մեջքին երկու սապատ կպցրեց, մռութը կախեց ուղտավարի, ծռեց ոտքերը և միացավ ուղտերին։
Ուղտատերն էլ էշի շալակը ուղտի բեռ դրեց ու բռնեց հեռավոր Մեքքայի ճանապարհը։
Էշը սկզբում քայլում էր ուղտավարի, բայց երբ հասան անապատ, կախեց ականջները, չռեց ոտքերն ու խռնչաց. 
- Բայց որտե՞ղ է այդ անիծյալ Մեքքան։
Տերը քթի տակ ժպտաց ու հարցրեց.
- Իսկ Մեքքան քո ինչի՞ն է հարկավոր, ուղտ իմ։
- Ուզում եմ մեղքերս քավել։
- Բայց այդ ի՞նչ մեղք ես գործել, ուղտ իմ։
- Ուղտ դառնալով՝ ես նորից հաստատեցի իմ էշությունը։

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ