Գլխավոր » ԱՆԿԵՂԾ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ
ԱՆԿԵՂԾ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ
14:14

Ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, նկարչությունը ևս մի նպատակ է հետապնդում՝ մարդու մեջ դաստիարակել էսթետիկա՝ աշխարհընկալում, գեղեցիկը նկատելու, տեսնելու կարողություն։ Ամեն մի արվեստի ճյուղ էլ ունի իր առանձնահատկությունները, բայց կարծես թե նրանք միաձուլված են իրար մեջ, կարծես մեկը մյուսի շարունակությունն են կազմում, ինչպես երաժշտությունը, նոտան, խոսքը, այնպես էլ գույնը, ծավալը, բոլորն իրար հետ շաղկապված են։ Ուղղակի տարբեր են գաղափարի արտահայտման լեզունները։

Վերոնշյալ ոլորտի ներկայացուցիչ Ամալյա Արմենի Ջաբիյանը ծնվել է 1994 թվականին, Ստեփանակերտում։ Միգուցե դա էլ պատճառ հանդիսացավ նախնական մասնագիտության ընտրության հարցում։ Մեր հերոսուհին միջնակարգն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Սկզբում սովորել է «միջավայրի դիզայն» բաժնում, այնուհետև որոշել է մասնագիտությունը փոխել, և այժմ սովորում է «հագուստի մոդելավորում» բաժնում։ 

Իսկ թե երբ է Ամայլան սկսել նկարչությամբ զբաղվել, կոնկրետ չմտաբերեց. «Լավ հիշում եմ, հակումը նկարչության նկատմամբ սկսել է վաղ դպրոցական հասակից։ Չեմ մոռանա իմ առաջին քայլերը. մայրս, ով նույնպես լավ է նկարում, փուչիկի վրա մի սիրուն տիկնիկ էր նկարել, որն ես անչափ հավանեցի, և իմ մոտ հակում առաջացավ դեպի նկարչությունը։ Հապճեպ փորձում էի նույնը կրկնել, ինչ որ չափով ստացվեց՝ գոհ էի։ Այնուհետև մորս խնդրում էի փուչիկ փչել, որպեսզի նկարեմ իմ բոլոր տիկնիկներին։ Ժամանակ անցավ և ես սկսեցի նույնը վերարտադրել արդեն թղթի վրա, նրան տալով հնարավորինս կենդանություն։ Հիշում եմ, որ դասի ժամանակ դասընկերներիս շորերի վրա նկարները փորձում էի իմ տեսածի չափ փոխանցել թղթին»։

Ամալյան նկարչական խմբակ գրեթե չէր հաճախում, քանի որ քաջ գիտեր ինչ նկարել և ինչպես նկարել. այդ հարցում նրան օգնում էր հորաքույրը, ով մասնագիտությամբ նկարչուհի է, այս պարագայում կարող ենք ասել, որ նկարչական ջիղը գենետիկորեն է փոխանցվել Ամալյային։ «Քայլերս դեպի լուրջ նկարչություն սկսել եմ նույնպես դպրոցական տարիքից։ Սկզբում նկարում էի տարբեր մոդելներ, հետո՝ դիմանկարներ, իսկ այժմ կենտրոնացել եմ բնության վրա. այն ինձ գրավել է իր գեղատեսիլ ու անզուգական պատկերներով։ Ցանկանում եմ այդ ոլորտում հմտանալ, ուսումնասիրել բոլոր տարրերը, իմանալ բոլոր գաղտնիքները»։


Անկեղծ ու անմիջական, համարձակ ու անսպասելի.  հենց այսպես կարող ենք բնութագրել մեր հերոսուհու նկարները։ Թե նա ինչն է առավել շատ նախընտրում, թե ում է համակրում և այսպիսի նմանատիպ հարցերի սպառիչ պատասխան կարող են տալ միայն նրա նկարները, քանի որ այնտեղ արտացոլվում են նրա յուրաքանչյուր խոսքը, հայացքն ու մտորումները։ «Յուրաքանչյուր նկարիչ փորձում է իր հոգու ապրումները վրձնի միջոցով հանձնել կտավին։  Եթե զգացմունքիդ ես տուրք տալիս, երբ ի վերուստ քեզ թելադրում են, թե ինչ պետք է նկարես, և՛ թեման, և՛ բովանդակությունը, և՛ գույնը, և՛ ծավալը, ամեն ինչ մեխանիկորեն իրար են շաղկապվում, ամբողջական ձևի մեջ ի հայտ է գալիս քո մտքի ծնունդը, քո մտքի արգասիքը։ Ամենից շատ սիրում են նկարել այն մարդկանց, ում ես հավանում եմ, քանի որ երբ նկարի մեջ հոգի են դնում, ջանք չես խնայում, այն ավելի գեղեցիկ ու իրականությանը մոտ է ստացվում, իսկ երբ մարդուն այնքան էլ չես հավանում, այս պարագայում դժվար թե նրան կարողանաս գերազանց կերպով նույնացնել թղթին։ Իմ բոլոր նկարներից ես կարող եմ առանձնացնել միայն մի քանիսը. առաջինը, որ ես շատ սիրով ու ջանասիրությամբ են նկարել, դա իմ մաթեմատիկայի ուսուցչուհի Քրիստինե Մեսրոպյանի դիմանկարն է։ Երկրորդն իմ գունավոր նկարներից է, ուր պատկերված է ձիու գլուխ։ Այն իմ սիրելի կենդանիներից է։ Նկարիչը, արվեստագետը, եթե իր ընտրած մասնագիտությունը չի դարձնում որպես ապրելաձև, այն եթե չի վերածում պահանջի, ապա պտուղը, ստեղծած պատկերը չի կարող լիարժեք լինել, պետք է ապրել դրանով, ահա դա է տալիս ինձ նկարչությունը»։ 

Ամալյան ներկերի օգնությամբ նկարներին փորձում է տալ անհամեմատ գեղեցիկ ու գրավիչ տեսք, այնպես, որ այն չտարբերվի իրական պատկերից, որպեսզի այն այնքան տպավորիչ ու անզուգական լինի, որ կարծես թե թթվածնի հոտ առնես։
Շատ հետաքրքիր մի փաստ ևս արձանագրենք. Ամալյան բազմիցս փորձել է կտավին տալ իր դիմանկարը... բայց առայժմ դա լրիվությամբ չի հաջողվել։ Նրա վաղեմի երազանքներից մեկն է՝ ծաղիկների կոմպոզիցիա նկարել իր պատկերացմամբ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ