Գլխավոր » ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՕՐԵՐԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՆՔՆԱՇԵՆ ՆՌՆԱԿԱՆԵՏ. ՔԹՄ
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՕՐԵՐԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՆՔՆԱՇԵՆ ՆՌՆԱԿԱՆԵՏ. ՔԹՄ
13:51

Գիտնականները խաղաղ մարդիկ են. նրանք սիրում են առանձնացած իրենց գործն անել, բայց երբ եկան ո՛չ խաղաղ ժամանակները, նրանք, կորցրած քուն ու դադար,  լծվեցին զենքի արտադրության գործին։ Թվում է՝ գիտնականները փափկասուն մարդիկ են, բայց երբ եկան պատերազմական օրերը, նրանք առաջիններից էին, որ զենք վերցրին ու նետվեցին առաջին գիծ։ Գիտնականները մահապարտներ չեն, բայց երբ եկավ նոր ստեղծած զենքերը փորձարկելու պահը, նրանք ժամանակ չունեցան՝ քննարկելու այդ հարցը... Գիտնականները հայհոյախոս մարդիկ չեն, նրանցից համարյա հնարավոր չէ հայհոյական խոսք լսել։ Պարզապես նրանք համաձայնվել են՝ զինվորների՝ զենքին հայհոյական հապավում տալու անվան հետ, միացել են զինվորների «դիրքորոշմանը», որոնք երբ շատ են բարկանում, այդ բարկությունը կարող են արտահայտել ամեն կերպ, նույնիսկ զենքի անվանումում։ Ասում են՝ այդպես է ծնվել ինքնաշեն նռնականետների անվանման՝ ՔԹՄ հապավումը, որը լավ հայտնի էր ազատամարտիկներին՝ արցախյան պատերազմի սկզբում։ Այդ նռնականետի մասին իմացա պատահաբար։ Հետաքրքրվեցի դրա ծննդյան պատմությամբ։ Հարցերիս պատասխանները փորձեցի ստանալ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանից.

–Պարո՛ն Իշխանյան, առաջին հերթին, չե՞ք ասի, թե ի՞նչ է նշանակում ՔԹՄ, ինչպե՞ս է բացվում այդ հապավումը։
–Դա «փաղաքշական» հապավում է՝ մի զինվորական «համեմունքային» արտահայտության։ Քաղաքակիրթ միջավայրում ընդունված չէ նման բաներ արտաբերել։ :) Նռնականետի այդ անվանումը որևէ պաշտոնական փաստաթղթում հաստատագրված չէ, դա պարզապես ընդունված է եղել զինվորների շրջանում։

–Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանում, հայտնի է, որ ստեղծվել է զենք, հայտնի է նաև, որ դրանում Դուք ունեք մասնակցություն։ Կպատմե՞ք...
–Ազատամարտի սկզբնական շրջանն էր, երբ բոլորն ինչ–որ իմաստով կորուսյալ էին, ոչ ոք չգիտեր՝ ինչ անել, երբ հակառակորդը խփում էր։ Դրությունից ելք գտնելու ճանապարհ էր պետք... Այդ ժամանակ էլ ստեղծվեց նռնականետը։ Իհարկե, թյուրիմացությունից խուսափելու համար ասեմ, որ նռնականետը՝ որպես զենք, արդեն կար, դա մենք չենք հորինել, մենք պարզապես, ունենալով դրա հայտնի օրինակները՝ որպես հիմք, նոր հաշվարկներ ենք արել, նոր սխեմաներ գծել ու ձեռքի տակ ունեցածով արտադրել ինքնաշեն նռնականետեր։

–Ինչպե՞ս եղավ դա։
–Երբեք չեմ մոռանա այդ օրը. Աշտարակի գիտավանում էի, աշխատանքից նոր էի վերադարձել, երբ եկավ Հրանտ Ազիզբեկյանն ու առաջարկեց մի քիչ զբոսնել ու զրուցել։ Մի քիչ լուռ քայլելուց հետո նա անսպասելի ասաց՝ զենք պիտի ստեղծենք։ Ես նայեցի նրան ու հասկացա, որ անսպասելի ասվածն իրականում շատ է եփվել նրա գլխում, դա համոզմո՛ւնք էր։ Ասացի՝ բայց ինչո՞վ։ Պատասխանեց՝ հենց թեկուզ այս սյուներով՝ մատնանշելով ճանապարհի երկու կողմերում հոսանքազրկված լապտերների մետաղյա խողովակ–սյուները։ 

Մենք անհապաղ գործի անցանք... դժվար օրեր էին, չմոռանանք ասել, որ այն ժամանակ դեռ ԽՍՀՄ–ի կազմում էինք, ռուսական զինվորները հսկում էին ամենուր, պարետային ժամ էր։ Աշխատում էինք գործից հետո ու գաղտնի։ Մեզ միացան շատերը, օրինակ, մասնակցել են նաև Ալեքսանդր Թամանյանը, Լեոնիդ Ազգալդյանը... Երկար ժամանակ օգտագործում էինք ճանապարհային լուսավորման սյուների համար պիտանի խողովակները, հետո, երբ դրանք էլ վերջացան, սկսեցինք արտադրել թղթից նռնականետեր, պատկերացնո՞մ եք՝ թղթե խողովակով պատրաստված զենք, որն ի զորու էր կրակել տաս-քսան անգամ։ Հեշտ չէր, պետական աջակցություն չկար, ավելին՝ դա գաղտնի էր արվում ու դժվարությամբ ուղարկվում կամավորներին։ Կային գործարաններ, ավելի ճիշտ՝ գործարաններում աշխատող նվիրյալ մարդիկ, ովքեր աշխատանքից հետո մնում ու արտադրում էին զենքը։

-Ալեքսանդր Թամանյան, Լեոնիդ Ազգալդյան... խորին հարգանքի արժանի անուններ են…
-Այո։ Բացառիկ անուններ… Խոնարհվելով նրանց հիշատակի առաջ,  ինչպես նաև խորապես շնորհակալ լինելով և հարգելով բոլոր մյուսներին, ովքեր աջակցել են, անհրաժեշտ է առանձնացնել այստեղ Հրանտ Ազիզբեկյանին։ Հրանտը ֆիզիկոս է, ճարտարագետ, աշխատում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։ Նա է մտքի հեղինակը և նա էր գործի ոգին։ Շատերն այսօր, ավա~ղ, հեռացել են, կամ՝ երկրից, կամ՝ ընդմիշտ, իսկ մեր կողքին դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են ու շարունակում գործել։ Իհարկե, Նժդեհն ասել է, որ երկրի հողը սուրբ է նաև իր շիրիմներով։ Մենք ունենք Լեոնիդի, Ալեքսանդրի ու շատ այլ սուրբ շիրիմներ, Նժդեհի ասածի իմաստով հարուստ ենք, բայց երկիրը հարուստ է նաև նրանցով, ովքեր այսօր մեր կողքին են, մեր շարքերում, մեզ հետ, և ում անունը տալով՝ մենք կարող ենք հպարտանալ։

–Ի՞նչ մտահոգություններ կան, պարո՛ն Իշխանյան։
–Մտահոգություններ կան... Իշխանությունները մեզանից կիրառական արդյունք են պահանջում՝ չնկատելով անգամ, որ  Հայաստանի գիտնականներն ու ճարտարագետները ցույց են տվել, որ ունակ են ստեղծելու ամենաբարձր մակարդակի արդյունք։ Չնայած դրան՝ սայլը տեղից ոչ մի կերպ չի շարժվում. երկիրը գիտատեխնիկական առումով հետընթաց է ապրում։ Այ, տեսե՛ք, Հրանտ Ազիզբեկյանը ժամանակին արեց հենց այդ պահանջված «պրակտիկ»–ը։ Արդյո՞ք պետությունը նկատեց հենց այդ պրակտիկ արտադրողին՝ այն պրակտիկ արդյունքի, որը եղավ մեր դիմակայման գործոններից մեկը՝ պատերազմի առաջին փուլում։ Արդյո՞ք գիտեն նրան, ով այսօր մեր կողքին է։ Խոսում են այսօր կիրառական արդյունքի անհրաժեշտությունից՝ չնկատելով, որ դա կա ու եղել է բոլոր ժամանակներում։ Խորհրդային միության փլուզման պահին Հայաստանում կար շատ բարձր որակավորում ունեցող ճարտարագետների բազմահազարանոց կազմ։ Հրանտի մասնագիտական մակարդակն ուղղակի հիանալի է։ Այդպիսի մեխանիկոս, նյութի, մետաղի զգացողություն ունեցողներ լինում են հազվադեպ։ Այ այդպիսի մասնագետների շնորհիվ էր, որ այդ զենքերն ստեղծվեցին։ Հին կադրերը դիտելիս կարելի է գնահատել այն դերը, որ խաղաց ինքնաշեն զենքերը պատերազմի սկզբնական փուլում, իմիջիայլոց, ոչ միայն զուտ ռազմական, այլ նաև հոգեբանական, ինչն այդ պահին նույնպես կարևոր էր։ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում գիտնականներն ու ճարտարագետները շատ էին։ Ցավոք սրտի, հետագայում, տնտեսության քայքայման արդյունքում, այդ հարստությունը՝ որակյալ ճարտարագետների զանգվածը, մեծամասամբ փոշիացվեց, այսօր բարձրակարգ ճարտարագետներ շատ քիչ են մնացել, նորեր համարյա չկան։ 

–Պարո՛ն Իշխանյան, վերադառնալով զենքին, իսկ ո՞րն է եղել Ձե՛ր դերը նռնականետի ստեղծման և արտադրման գործում։
–Միտքը Հրանտ Ազիզբեկյանինն էր։ Այն ժամանակ ես դեռևս անփորձ երիտասարդ էի, բայց մեծերը ոգևորվում էին, որ իրենց կողքին եմ։ Իմ գործը հաշվարկներ անելն էր, տարբեր տեխնիկական և կազմակերպական քայլերը։ Մենք մշտապես միասին ենք եղել։ Ինչ–որ առումով, կար նաև հոգեբանական կողմը. կա մի երիտասարդ, որը քայլում է իրենց հետ համընթաց։ Նանք մեծեր էին և կա՛ն որպես մեծեր։ Ես կարծում եմ, ո՛չ՝ ես համոզված եմ, ավելին՝ ես կոչ եմ անում,  որ մենք առանձնահատուկ գնահատենք նրանց պես մարդկանց, քանի որ հենց այդ մարդիկ էին, նրանց նման մարդիկ, որ ոտքի կանգնեցին ամենածանր օրերին՝ որպես արարող, որպես լավատեսության ոգի, որպես հասարակ զինվոր, ինքնաշեն զենքի փորձարկումների ժամանակ՝ նույնիսկ որպես մահապարտ։

–Կարո՞ղ եք հիշել փորձարկումների ժամանակ եղած ինչ–որ արտառոց բան։
–Եղել են։ Եղել են և շատ ցավալի դեպքեր։ Կոնկրետ մեր նռնականետի փորձարկումների ժամանակ վատ բան չի պատահել, բայց մենք երբեմն մոտ ենք եղել վատթարագույնին։ Գեներալ–գնդապետ Դալիբալթայանը՝ ապագայում մեր զինված ուժերի շտաբի հրամանատարը, մի անգամ, մեր փորձարկումների ժամանակ, շատ մոտ էր զոհվելուն։ Դա պատահածների մեջ ամենավտանգավոր դրվագն էր։

-Նռնականետների արտադրությունը հետագայում ի՞նչ զարգացում ունեցավ։ 
-Կանոնավոր բանակի ձևավորումից հետո, երբ զենքի ու զինամթերքի արտադրությունն ու մատակարարումն սկսեց կատարվել պետական մակարդակով, բնականաբար, սկսվեցին մշակվել այլ զինատեսակներ։ Ցավոք սրտի, որոշ ժամանակ անց այդ աշխատանքները դանդաղեցվեցին ու հիմնական շեշտը դրվեց արտաքին մատակարարման վրա։ Այս մոտեցումը, սակայն, դժվար է համարել լիարժեք, քանի որ սեփական արտադրության բացակայությունը հղի է ռազմավարական վտանգներով։ Սա նշում են շատերը, այդ թվում նաև՝ պաշտպանության նախարարության վերլուծաբանները։ Պարզ է, օրինակ, որ զարգացած ռազմա-արդյունաբերության համակարգը էապես կմեծացնի մեր պետության կշիռն ու ազդեցությունը միջազգային և տարածաշրջանային գործընթացներում։ Այնպես որ, խնդրի կարևորությունն այսօր գիտակցված է, և մտադրություն կա շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Ահա այստեղ է, որ պետք է կրկին հիշել ճարտարագետներին ու ցավով փաստել, որ մենք կադրային քաղց ենք ունենալու, նոր ազիզբեկյաններ քիչ են լինելու։ Ուստի, պետք է նրանց այսօր շրջապատել ամենայն հոգածությամբ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն մասնակցել մշակումներին, փոխանցել իրենց փորձը, պատրաստել նոր, երիտասարդ կադրեր, ովքեր կստեղծեն նոր ՔԹՄ-ներ՝ նոր ժամանակներին համապատասխան։

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ