Ադրբեջանին մոտ մեկ միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն վաճառելու Ռուսաստանի քայլը Հայաստանում գնահատվեց Եվրամիության հետ Ասոցացվելու պաշտոնական Երեւանի քաղաքականության դեմ պատժիչ քայլ: Դրանից հետո, Հայաստանում կարծես թե սկիզբ է առել տեղեկատվա-քարոզչական մի արշավ, որի նպատակը Ռուսաստանի ապագայում սանձազերծելիք հավանական պատերազմի ինֆորմացիոն հովանավորությունն է, այն համատեքստում, որ «արեւմտամետ» քաղաքականությունը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը պատերազմ սանձազերծի Հայաստանին պատժելու համար, եւ Հայաստանը կորցնի Արցախը:
Դրա համար բերվում են նույնիսկ պատմական փաստարկներ, որոնց թվում սակայն բացակայում են այն իրադարձությունները, երբ Հայաստանը «ռուսամետ» քաղաքականության արդյունքում է կրել խոշոր, ստրատեգիական պարտություններ:
Իրականում, «արեւմտամետ» եւ «ռուսամետ» գնահատականները, որ տրվում են պաշտոնական Երեւանի ներկայիս պահվածքին, որը քաղաքականություն անվանելն էլ դժվար է, հասկացությունների նենգափոխման եւ իրավիճակի պրիմիտիվացման օրինակ են՝ կամա, թե ակամա, որոնց նպատակը քննարկումները ծայրահեղացնելն ու այդ ծայրահեղությունների հիմքով էլ քննարկումը գիտակցական վիճակից ենթագիտակցական, բնազդային վիճակի բերելն է:
Իրականում խնդիրը պարզ է, բայց ոչ «արեւմտամետության» եւ «ռուսամետության» մակարդակի պրիմիտիվ: Հայաստանի իշխանությունը որոշակի ժամանակահատվածից ի վեր հասկացել է, կամ նրան բավական հանգամանալից եւ համոզիչ կերպով հասկացրել են, որ Ռուսաստանը վաղ թե ուշ պատերազմ է սկսելու տարածաշրջանում: Եվ որքան Ռուսաստանի գերազդեցությունը Հայաստանի վրա դառնում է անբեկանելի, այդքան այդ պատերազմը ավելի է մոտենում:
Բանն այն է, որ Ռուսաստանի համար, որը գտնվում է տնտեսա-քաղաքական գլոբալ ստագնացիայի պայմաններում, կովկասյան կարեւոր տարածաշրջանում քիչ թե շատ կենսունակ մնալու միակ ելքը աստիճանաբար մնում է ռազմական բախումը արցախյան գոտում: Տեւական ժամանակաշրջան Հարավային Կովկասում քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն Հայաստանը նվաճելով զբաղված Ռուսաստանը կանգնել է իր իսկ ստեղծած վտանգավոր փաստի առաջ. Մոսկվան Հայաստանը գրեթե զրկել է միջազգային քաղաքական սուբյեկտությունից, վերածելով իր կույր գործիքի:
Այսինքն, Մոսկվան ինքն իրեն զրկել է Կովկասում կոմբինացված քաղաքականության հուսալի գործընկերոջից, որպիսին կարող էր լինել Հայաստանը: Կրեմլում ըստ ամենայնի հասկացել են այդ սխալը, սակայն մասամբ: Այսինքն, հասկացել են, որ առանց գործընկերոջ Ռուսաստանը Կովկասում չի կարող դիմակայել բոլոր հակասություններով հանդերձ զգալիորեն կոմբինացված քաղաքականություն վարող Արեւմուտքին: Բայց, չեն հասկացել, որ գործընկեր լինելու հարցում Հայաստանը Ռուսաստանի համար անփոխարինելի է, որովհետեւ թուրքերը Ռուսաստանի հետ կարող են գործընկեր լինել եւ օգնել Մոսկվային Հայաստանը կիսել ու նվաճել, բայց ոչ Կովկասը:
Զրկելով Հայաստանը սուբյեկտությունից, Մոսկվան Կովկասում մեծ քաղաքականության սուբյեկտ մնալու հարցում գործընկեր է ընտրել Թուրքիային ու Ադրբեջանին: Բնական է, որ այդ գործընկերության գինը Հայաստանն ու Արցախն են, որոնք դառնալու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմավարը: Ստանձնելով ապագա պատերազմի գլխավոր ռազմական մատակարարի կարգավիճակը, Ռուսաստանը փորձում է իր համար ապահովել ավարի առավելագույն չափը՝ առավելագույնս վերահսկելի դարձնելով ռազմական գործողությունները, հետեւաբար կառավարելով պատերազմն ու դրա արդյունքը:
Հայաստանի ու Արեւմուտքի հարաբերությունն այստեղ ոչ միայն որեւէ կապ չունի Ռուսաստանի մտադրությունների հետ, այլ հակառակը՝ փաստացի հանդիսանում է դրանք զսպելու եզակի գործիքներից մեկը: Ռուսաստանը չի սկսի պատերազմ, որի համար վճարելու է Հայաստանը, եթե չունենա Հայաստանի վրա լիակատար ազդեցության համոզում: Այլապես, Մոսկվան չի կարող վճարել պատերազմի համար, եթե չի վճարում Հայաստանով ու Արցախով:
Այդ իրավիճակում, Արեւմուտքի հետ հարաբերության խորացումն ու տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացիան դառնում է պատերազմի հավանականությունը նվազեցնելու հարցում Երեւանի քիչ հնարավորություններից մեկը: Կամ էլ, պատերազմի դեպքում, Երեւանն այդ դիվերսիֆիկացիայի շնորհիվ է կարող խուսափել պատերազմի ավար դառնալու հեռանկարից:
Իսկ Հայաստանի իշխանությունը հասկանում է, որ պատերազմի եւ դրա համար վճարելու դեպքում, թռնելու է հենց իր գլուխը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, որովհետեւ Մոսկվան պետք է Հայաստանի իշխանությանը վերագրի պատերազմի պարտությունը: Ահա թե ինչու Երեւանի համար տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացիան դարձել է կարեւորագույն խնդիր: «Արեւմտամետությունն» ու «ռուսամետությունն» այստեղ կապ չունի, խնդիրը անվտանգությունն է՝ նախ եւ առաջ սեփական, անխուսափելի կամ շատ հավանական դիտվող պատերազմին ընդառաջ:
Հետեւաբար, Ադրբեջանի հետ Ռուսաստանի «բիզնեսն» ամենեւին պետք չէ արդարացնել Հայաստանի ու Արեւմուտքի հարաբերությամբ: Այդ բիզնեսը Ռուսաստանը սկսել է վաղուց, երբ դեռ Հայաստանը Եվրամիության հետ չէր սկսել ոչինչ: Ռուսաստանը Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերություն է կառուցում 2000-ականների կեսից, եւ 2000-ականների կեսից Հայաստանը ոչ միայն լռում է այդ «շինարարության» կապակցությամբ, այլ իր ռազմավարական կարողություններն է հանձնում Ռուսաստանին:
Վերջապես Հայաստանին բացատրել են, որ հանձնվելը վերջ չունի, ինչպես կասեր մեր ժամանակի մեծագույն հայ գրողներից մեկը: Եվ Հայաստանի իշխանությունը դա հասկացել է գուցե այն պատճառով, որ զգացել է, որ հանձնելու բան ավելի ու ավելի քիչ է մնում եւ հասնում է սեփական գլխի հերթը: Դա արդեն ստիպել է գլխին աշխատել, թեկուզ բնազդային վառելանյութով:
Թեեւ աշխատանքի ծավալը շատ քիչ է, որովհետեւ այդ գլուխը կարծես թե մտածում է, որ բավական է ընդամենը Ռուսաստանից բացի հանձնվել նաեւ Եվրոպային, ու գլուխը փրկված է: Իրականում գլուխը հնարավոր է փրկել միայն մարմինը կարգի բերելու եւ մարտունակ դարձնելու շնորհիվ: Իսկ մարմինը տվյալ դեպքում Հայաստանն է իր տնտեսական ու հասարակական կառուցվածքով եւ քաղաքական համակարգով: Որեւէ արտաքին սուբյեկտ կարող է լինել ընդամենը հնարավորություն, որին ոչ թե պետք է հենել մարմինը՝ փրկվելու համար, այլ որը պետք է օգտագործել սեփական շահի համար՝ գլուխն աշխատեցնելով:
Ի դեպ, քանի որ պատերազմի փաստաբանության գործընթացում մեծ տեղ է հատկացվում պատմությանը, գուցե արժե շատ հեռու չգնալ: Արցախի առաջին պատերազմի պատմությունը բավական է, հասկանալու համար, որ փրկությունն ու հաղթանակները գալիս են այն բանից հետո, երբ դրանք Ռուսաստանում կամ Արեւմուտքում որոնելու փոխարեն փնտրում ես ինքդ քո մեջ, իսկ Ռուսաստանից կամ Արեւմուտքից վերցնում միայն այն, ինչը կարող է լրացնել պակասը կամ լինել հավելյալ ուժ: Արցախում հենց այդ գիտակցության շնորհիվ հայկական ուժերը կարողացան չեզոքացնել ռուսական զորքի օգնությամբ Ադրբեջանի ձեռք բերած առավելությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Lragir.am
|