Գլխավոր » ՄՇԱԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ ՇՈՈՒ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ՄՇԱԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ ՇՈՈՒ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
16:27
Խորհրդային տարիներին խորհրդային սոցիալիստական համակարգի առավելությունը կապիտալիստական համակարգի նկատմամբ ընդգծելու համար, այդ թվում՝ դպրոցական դասագրքերում, թվային համեմատություններ էին բերում խորհրդային տնտեսության այս կամ այն ճյուղի և 1913 թ. ցարական Ռուսաստանի նույն ճյուղի արտադրանքի վերաբերյալ։ Այսօր ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված ինքնիշխան պետություններն իրենց զարգացման մակարդակը ցույց տալու համար հիմնականում զուգահեռներ են անցկացում խորհրդային տարիների տնտեսական ցուցանիշների հետ։

Այլ է խնդիրը, երբ գործ ունենք այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին մշակույթն է։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ այստեղ թվերը հիմնական դերակատարությունը չունեն։ Ճիշտ է, ասենք, մշակույթի օջախների թվաքանակից ևս կարելի է որոշակի պատկերացում կազմել համեմատվելիք ժամանակների մասին, բայց մշակույթի օբյեկտների ֆիզիկական գոյությունը դեռևս հիմնավոր ապացույց չէ, որ դրանց պատերի ներսում մշակույթ է ծնվում։ Այնուամենայնիվ, կան որոշակի չափորոշիչներ՝ պարզելու համար, թե հանդիսատեսին կամ ընթերցողին մատուցած «կերակուրը» մշակութային արժե՞ք է, թե՞...

Արցախյան ազգային-ազատագրական շարժման արդյունքում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն) արդեն ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ուներ նախարարություններ ու վարչություններ, այդ թվում՝ կրթության և մշակույթի, որի առաջին ղեկավարն էր Նելլի Ոսկանյանը (մինչ այդ նա Շուշիի գործկոմի կրթության բաժնի վարիչն էր)։

Վերջին 20 տարում Արցախի մշակույթը 9 նախարար է փոխել։ Նախարարներից ամենաերկարակյացը Արմեն Սարգսյանն էր. պաշտոնավարել է 1997-2004 թվականներին։ Ի դեպ, 2002-ին մշակույթի և կրթության նախարարությունները միավորվել էին։ Ընդհանրապես, Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման տարիներից սկսած, երբ պետք էր լինում որևէ մեկին նախարարի պորտֆել տալ, մշակույթն ու կրթությունն իրարից անջատում էին, առանձին նախարարություններ ստեղծում։ Իսկ երբ անհրաժեշտ էր լինում այդ երկու առանձին նախարարություններից մեկի ղեկավարին թողնել «լուսանցքից» դուրս, դրանք միավորում էին, դարձնում մեկ ընդհանուր՝ կրթության, մշակույթի և այլնի (սպորտ, երիտասարդության հարցեր) նախարարություն։ Բայց սա այլ թեմա է։

Եթե վերոհիշյալ 20 տարիներից հանենք Արմեն Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիները, ինչպես նաև ներկայիս մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի պաշտոնավարման 4 տարին, ստացվում է, որ մնացյալ 9 տարում Արցախի մշակույթի ոլորտում 8 ղեկավար է փոխվել։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի՝ մեկ նախարար։

Վերջին երկու տասնամյակում իմ մեջ պարբերաբար ծառանում է մի հարց, որի վերջնական պատասխանը դժվարանում եմ գտնել՝ մեզանում, այդ թվում՝ Հայաստանում, մշակույթի նախարարությունը որքանո՞վ է կապված Մշակույթի հետ։ Այդ հարցի վերջնական պատասխանը գտնելուց հետո պիտի փորձեմ պարզել, թե նախարարությունը կոնկրետ ի՞նչ է անում հայ մշակույթը (ԼՂՀ և ՀՀ) զարգացնելու համար։ Քանի որ հոդվածս կոնկրետ Արցախի մշակույթի բնագավառի մասին է, այս կամ այն չափով ծանոթ եմ պաշտոնավարած բոլոր ղեկավարներին, հավելեմ, որ նրանք, բացառությամբ 1-2-ի, մինչ իրենց նշանակումը, ոչ մի առնչություն չեն ունեցել մշակույթի որևէ ճյուղի կամ ոլորտի հետ։ 

Տարիներ շարունակ ես ականատեսն եմ եղել, թե ինչպես վերոհիշյալ նախարարությունը խոչընդոտում է իր իրավական ենթակայության տակ գտնվող այս կամ այն ճյուղի, ոլորտի, արվեստի տեսակի զարգացմանը։ Նախարարությանը, ասենք, կոնկրետ երգարվեստ, պարարվեստ, զանազան համույթներ պետք են այնքանով, որ տարին երկու, երեք կամ չորս անգամ վերջիններիս հոգևոր, ոչ նյութական «արտադրանքից» շոու սարքվի՝ հանրությանը զվարճացնելու և իշխանությունների գեղագիտական պահանջմունքները բավարարելու համար։ 

Խորհրդային ժամանակներում, Ադրբեջանի բռնապետության տարիներին Արցախը հայեցի պահող հիմնական օջախներից մեկի՝ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վիճակը թերևս ավելի դրամատիկ է։ Թատրոն, որի բեմում հանդես են եկել կամ պիեսներ բեմադրել հայ մշակույթի բազմաթիվ երախտավորներ (Վահրամ Փափազյան, Արզո Արզումանյան, Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Հովհաննես Կարապետյան, Արտաշես Հովսեփյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան և այլք), թատրոն, որ ինչ-որ չափով թատերական արվեստի իր սեփական դպրոցն ուներ, սեփական կադրեր և պարբերաբար հյուրախաղերի էր մեկնում նաև անդրկովկասյան հանրապետություններ ու Հյուսիսային Կովկասի հայաշատ բնակավայրեր։ Եվ այսօր այն փաստորեն ծայրամասային գյուղական ակումբի դերում է հայտնվել։ Վերջին 20 տարում մշակույթի այդ խոշոր ու կարևոր օջախն այդպես էլ չկարողացավ տեր կանգնել երբեմնի իր փառքին...

Շուրջ 7-8 տարի առաջ նախկին ղեկավար Լեոնիդ Հարությունյանին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ նա համատեղել է տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և թատերական ստուդիայի ղեկավարի պաշտոնները։ Նոր տնօրեն նշանակվեց (Կոմիտաս Դանիելյան), շուտով նշանակվեց նաև նոր գեղարվեստական ղեկավար, բայց վերջին շրջանում հիմնականում, այսպես ասած, հանդիսատես բերող պիեսներ են բեմադրում դրսից հրավիրված ռեժիսորները (Կարեն Աբրահամյան, Նարեկ Դուրյան, Վահե Շահվերդյան)։ Թատրոնն այսօր կրկին նոր տնօրեն ունի (Մարատ Դավթյան), որն այդ պաշտոնը կրկին համատեղում է գեղղեկավարի և թատերական ինստիտուտի ղեկավարի պաշտոնների հետ... Ստացվում է՝ վերադարձ ի շրջանս յուր։ 

Համառոտ՝ մի այլ ոլորտի մասին։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած, ծննդով արթիկցի Տիգրան Մկրտչյանը 1989-ին տեղափոխվել է Արցախ, սիրել գեղատեսիլ այս երկրամասը, ամուսնացել, ընտանիք կազմել։ Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը: 2002-ին ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ։ «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում այն ժամանակ, երբ Հայաստանի ու Արցախի եթերում ու բեմերում հնչող հիմնական երաժշտությունը ռաբիսն էր, արևելյան, թուրքա-արաբական մուղամների «կլկլոցի» ոգով ստեղծված էժանագին, այսպես կոչված, երաժշտությունը: 

Տիգրանը հաճախ էր կիսվում հետս։ Այլևս չէր կարողանում թաքցնել դժգոհությունը. «Ուզում եմ գնալ։ Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա։- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդուկներին բացատրել, թե ինչ ասել է արվեստ, ազգային երաժշտություն…»։ Եվ 2009-ին ընտանիքով մեկնեց Երևան։

Շուրջ մեկ տարի հետո Արցախը լքեց նաև մեկ այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի (Ենոք) Բադալյանը։ Մասնագետ, ում նմաններն այսօր Երևանում էլ շատ չեն։ Արցախում երգի և պարի պետական ազգագրական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։ Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում։ Նրա հետ Արցախից հեռացել է նրա լավագույն սաներից մեկը՝ Գուրգեն Ազատյանը։ Այժմ նրանք Սոչիում ազգային մշակույթի կենտրոնում պարի համույթներ են ղեկավարում՝ հայկական ազգային պարերից կազմված խաղացանկով։ 
Գաղտնիք չէ, որ ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և բոլոր ոլորտներում ընդօրինակման օբյեկտը Երևանն է, Հայաստանը (որտեղ այսօր մշակույթի բնագավառ է ղեկավարում Հասմիկ Պողոսյանը), որի հեռուստաեթերից առավելապես ռաբիս է ծորում, իսկ հայոց կինոարվեստը «զարգացնում են» հայկական սերիալներ կոչվող, մեղմ ասած, անհեթեթությունները։ 

Այսօր Արցախի մշակութային կյանքում առանձնանում է տեղի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյան)։ Բարեբախտաբար այս համույթի նկատմամբ կա որոշակի հոգածություն։ Նվագախումբն ունի իր կայուն հանդիսատեսը և անգնահատելի դեր է կատարում համաշխարհային դասական ժառանգությունը արցախցի հանդիսատեսին մատուցելու և գեղարվեստական բարձր ճաշակ դաստիարակելու գործում։ Մի տեսակ սպիտակ ագռավ է այն, որի համար մշակույթի նախարարությունը, եղած թե չեղած՝ մի հաշիվ է։

Իսկ ընդհանրապես արվեստի, առավելապես երգարվեստի ոլորտում շրջանառվող հիմնական տերմինն այսօր «շոուբիզնեսն» է, շոու և բիզնես։ Այնինչ ո՛չ շոուն, ո՛չ բիզնեսը առնչություն չունեն արվեստի, մշակույթի հետ։ Մինչդեռ մշակույթի նախարարության հիմնական գործառույթը վերջին 15-20 տարում դարձել է շոուներ կազմակերպելը։ Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք (այդ թվում՝ Հայաստանում)։ Վաղն այս շոուները ոչ ոք չի հիշելու։ Մոռանալու են նաև նախարարների անունները։ Մաղի երեսին մնալու է այն, ինչ մշակութային արժեք է ներկայացնում։ Վերջին 20 տարում արդյո՞ք ինչ-որ բան ստեղծել ենք՝ մաղի երեսին թողնելու համար։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
«Անալիտիկոն», մայիս 2013 թ.

ՆՈՐ ԷՋ։ Վերջին մեկևկես տասնամյակում տեղական ռեժիսորներից չենք հիշում բեմադրություն, որ այսօր մնացած լիներ արվեստասեր հանդիսատեսի հիշողության մեջ։ Հետաքրքիրն այն է, որ տեղական կադրերից առանձնանում է Երևանի թատերականն ավարտած Վեներա Ավագիմյանը։ Դարձյալ հետաքրքիրն այն է, որ նա հիմնականում ընտրում է ավելի դժվարահաճ պիեսներ ու դա ներկայացնում դերասանական ստուդիայի երիտասարդ սաներով։ Նրա բեմադրություններում որոշակի պրոֆեսիոնալիզմ կա և թարմություն։ Սակայն վերջինս չունի «ռեժիսորի դիպլոմ» ու թիկունքին կանգնած այն «հզոր ուժը», որ մեր օրերում կարողանում է դիլետանտին ու ապաշնորհին նստեցնել արվեստագետի աթոռին, եթե հարմար է գտնում՝ պարգևատրել նաև շքանշաններով ու կոչումներով... 

Վերջին երկտասնամյակում երևի թե անիմաստ էր մեծ սպասելիքներ ունենալ մշակույթ ղեկավարող մարդկանցից, ովքեր այդ բնագավառից մղոններով հեռու էին, մարդկանցից, որոնց համար չափանիշ են Թաթա Սիմոնյանն ու շոումեն Արթուր Գրիգորյանը։ Վերջինս իր «Հայ երգի թատրոնով» ու թողարկած «գերաստղերով» գազոնացրել է ոչ միայն հայաստանյան երգարվեստը։ Տարիներ շարունակ Ստեփանակերտում տոնական շոուները կազմակերպվում են վերջինիս սցենարով՝ նրա «աստղերի» ու «գերաստղերի» մասնակցությամբ։ Վերջին տարիներին հիմնականում նա էր որոշողը, թե տոնական համերգ-շոուների համար տեղական համարներից որն է պիտանի։ Արցախցի սիրված երգչուհի, հանրապետության ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի «Ստեփանակերտ» երգը, որ տարիներ ի վեր ստեփանակերտցիների (և ոչ միայն ստեփանակերտցիների) սիրած երգերից մեկն էր համարվում, այսօր գրեթե հազվադեպ է հնչում։ Փոխարենը աջ ու ձախ տիրաժավորում են Արթուր Գրիգորյանի «Ստեփանակերտ» կոչվող անճաշակությունը, որից արվեստասեր արցախցիները վաղուց ալերգիա ունեն։





Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ