Միանգամից ասեմ, որ սա ամենևին կապ չունի դարիս հայտնի ֆեյսբուքյան պատի հետ, ուր քննարկվում են հազար ու մի հարցեր, որտեղ մեր պետության ղեկավարները ոչ թե թիկնապահների, այլ երեխաների ու թոռնիկների հետ են, հետևաբար` բարի ու հասանելի, որտեղ մարդիկ էլ, օգտվելով մանավանդ սափրագլուխների բացակայությունից, ավելի համարձակ են` հնչեցրած հարցերում: Նրանք ազատ քննադատում են քաղաքապետին` շների սպանդի համար իսկ նախորդ նախագահին ու բանակի բարձրաստիճաններին` մարդկային սպանդի: Որտեղ քննադատվում է ԳԿ նախարարը, որը, ի հակադրություն Համբարձումյանի` հայոց լեզվի մասին հայտնի կտակի, որոշել է կտակել սերունդներին օտարալեզու դպրոցներ: Որտեղ քննադատվում են երկրի նախագահն ու վարչապետը «առաջ-առաջ պոռալու, բայց ետ-ետ երթալու» մեջ: Սա այն պատը չէ, որտեղ գիտնականները համախմբվել ու «Պահանջում են ֆինանսավորման ավելացում»:
Ավելացո՞ւմ: Հետաքրքիր մարդիկ են մեր գիտնականները. փաստորեն օլիգարխի որդու մի անգամ «ընկեր տղերքով սրճարանում նստելու հաշիվը» նրանք ընդունում են՝ որպես ֆինանսավորում և պահանջում են ավելացում:
Ինչևէ… սա այն պատը չէ, որտեղ պահանջում են, քննադատում, պարզապես քննարկում կամ էլ երբեմն նույնիսկ գովերգում, այլ պատ` բառիս իսկական իմաստով և գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի Քարագլխի թափեր կոչվող հատվածի` աստեղային լույսով ողողված մի վայրում, ուր մանկության հեքիաթների «…նա գնաց-գնաց ու հասավ այնտեղ, որտեղ երկինքն ու երկիրը միանում են» խոսքերը իրական են դառնում: Վայր, որն ինքը` Համբարձումյանն էր ընտրել: Թեև հնարավոր է, որ մեծ գիտնականը մի պահ հմայվել էր աստղազարդ գիշերով կամ զեփյուռոտ լեռնաբույլերի ու ծաղկազարդ մարգագետինների խաղով, բայց գաղափարների՛ն և ոչ թե զգացմունքներին տուրք տալու համար էր նա ընտրել այդ վայրը. նա շա՛տ ավելի կարևոր նկատառումներ ուներ` առաջարկելով կառուցել հզոր աստղադիտարան, այնքան հզոր, որ մեր նախկին հայրենիք ԽՍՀՄ-ի տարածքում առաջինը պիտի լիներ:
Կար ժամանակ, երբ մենք ունեինք պետության ղեկավարներ, որոնց համար մեծ գիտնականի խոսքը ադամանդի արժեք ուներ: Այդ ղեկավարների մտքով չէր էլ անցնում գիտնականին ֆինանսավորել սեփական արտադրանքի հաշվին, ավելին` նույնիսկ պատերազմի ժամանակ նրանք այնքան էին արժևորում գիտության, հետևաբար` գիտնականի դերը, որ նրանց համար ստեղծել էին, պատերազմից ու երկրի խնդիրներից հեռու, աշխատելու համար հնարավորին չափ հարմար պայմաններ: Այդ տարօրինակ ժամանակները ամենևին նման չէին մեր օրերին, երբ Ծաղկաձորում հավաքված, գիտության ֆինանսավորման հարցերը քննարկող երիտասարդ գիտնականներին, մեր և արտասահմանյան բազմաթիվ հայտնի համալսարանների պրոֆեսոր հանդիսացող գիտությունների դոկտորներին ու ակադեմիայի թղթակից անդամներին ՀՀ նախագահի թիկնապահները հրամայեցին լցվել մի սենյակ ու հանկարծ քթները պատշգամբից դուրս չհանել, քանի որ նախագահն իր շքախմբով այցելելու էր այդ տարածքը: Նրանք պետության ղեկավարներ էին, որոնց մոտ ընդունելության արժանանալու համար գիտնականը օրերով չէր սպասում, ինչպես այսօր, ընդ որում` հարմար միջնորդ չունենալու դեպքում, հաճախ` անարդյունք: Բավական էր` զեկուցվեր, ղեկավարը արտահերթ ու հոտնկայս էր դիմավորում նրան: Բավական էր՝ Համբարձումյանն ասեր` այսինչ տեղում նոր աստղադիտարանի կառուցումը գիտական մեծ արդյունքներ կտա, որ բյուջեից ներդրվեին նույնիսկ այն ժամանակվա համար անհավանական գումարներ:
Մեծ աստղագետն անձամբ մի քանի անգամ գնաց այդ տարածքը` ճշտելու և հստակեցնելու անելիքները: Հետո Բյուրականից բերվեց աստղադիտակ: Երկրի տարբեր ծայրերից հավաքվեցին աստղագետներ: Ձեռքից ու մտքից հեռու այդ վայրի լեռները մի քանի հարյուր սյուների օգնությամբ էլեկտրականություն անցկացվեց, կառուցվեց ճանապարհ, մեքենաներ (ու մոտորասահնակներ) կցվեցին, որպեսզի համեմատաբար մոտիկ քաղաքից` Եղեգնաձորից մթերք ու այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարվեն: Փոքրիկ գիտավանն սկսեց աշխատել ու թափ առնել` վառվելով ապագայի հսկա ծրագրերի իրագործման գաղափարներով:
…Այսօր այդ ամենից մնացել է միայն մի կիսաքանդ պատ` որպես հուշարձան գլխատված ծրագրի: Նստում ես այդ պատի տակ ու մահվան սարսուռ զգում: Նման զգացում արթնանում է Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտների գիտավաններում. անցնում ես ամայի փողոցներով, երբեմնի մանկական առողջ աղմուկով լեցուն մնկապարտեզի կողքով, նախկինում ակտիվ գործող կուլտուրայի տան ու կինոթատրոնի, չորացած վարդանոցների շարքերով ու զգում, որ լռությունը սեղմում է հոգիդ. կարծես մի դաժան ձեռք իր կախարդական գավազանով մեռցրել է կյանքը, որ զարկել ու քարացրել է հատկապես այն տեղերը, ուր գիտությունն էր ծաղկում:
Հիմա բնությունը, որպես հատուցում, ավելի առատ է ծաղկեցնում Վարդենիսի լեռնաղթայում մարգագետնի մի հատված, ուր միայն մի կիսաքանդ պատ է կանգնած: Հետաքրքիր է` ղարաբաղյան պատերազմի և նրան հաջորդող անլույս ու անհաց տարիների` սեփական երկրի ալան-թալանից ո՞նց է պոկվել այդ պատը, սեփականաշնորհում կոչվող ալան-թալան, երբ անիշխանությունը կամ ավելի ճիշտ` իշխանությունը ցինիզմի էր հասել, երբ նախագահը, վկայակոչելով պատերազմական, այնուհետև` հետպատարազմական վիճակը, եթերով խորհուրդ էր տալիս ունեցած ոսկեղենը վաճառել կամ պարտք անել հարևանից, իսկ սեփական հարսանիքն ինքնաթիռի մեջ նշող ՆԳ նախարարը եթերն օգտագործում էր` Բրազիլիայից հրավիրված սերիալի հերոսուհի «պռոստո Մարիայի» հետ Սևանի մայրուղու վրա իր սիլի-բիլիները ներկայացնելու` «մարիա»-ներով ու «կասանդրա»-ներով սեփական անլույս ու անհույս կյանքը մոռանալ փորձող ժողովրդին: Ժամանակներ, երբ հսկա գործարանները վաճառում ու իրենք էլ առնում էին կոպեկներով: Երբ նորաթուխ գյուղապետը աճուրդի դնում ու ինքն էլ, իրեն ընտրաձայնով ապահովող ընկեր-բարեկամների հետ, առնում էր նախկին պետության շինությունները, տրակտոր-կոմբայններն ու անասունների հոտերը: Իսկ հասարակ ժողովուրդը, որ խումբ-խումբ հավաքվել էր «լեվի» (անօրինական) լույս ունեցողների տներում` «Պռոստո Մարիա» նայելու, հանկարծ արթնանալով սերիալի թմբիրից, նայում էր շուրջն ու հասկանում, որ էլ պիտանի ոչինչ չի մնացել:
Ու հանկարծ մի պայծառ միտք` ֆինանսավորման դադարեցումից հետո լքված գիտավա՛նը: Պոկոտեցին հոսանքի լարերը, հատիկ-հատիկ հանեցին էլեկտրասյուները, իսկ վերջին սյունի հետ հասան աստղադիտարան…
Տասնամյակների քամիներն ու անձրևները լրիվ կջնջեին ու մոռացության կմատնեի այդ վայրը, եթե չլիներ մի պատ, որին տեղի մարդիկ ակնածանքով են նայում: Ու երբ Քարագլուխ գյուղի ոչխարի հոտն արածալով հասնում է պատին, հովիվը, հանկարծ զգաստանալով, հետ է մղում առաջնորդող այծին, որն ուզում էր պոկել պատի ճեղքից բուսնած մանուշակը, և հովվության առաջին քայլերն անող որդուն բացատրում` Վիկտոր Համբարձումյանի պատն է:
Գիտե՞ն արդյոք մեր ղեկավարներն ու նրանց ուշադրությունը դեպի գիտությունը դարձնելու ճիգ թափող և ֆինանսավորման ավելացում պահանջող այսօրվա գիտնականները, որ Եղեգնաձորի հեռավոր լեռներում, Վարդենիսի լեռնաշղթայի Քարագլխի թափեր կոչվող հատվածում կա մի հուշապատ, որ պահպանվել է ո՛չ պատահականորեն:
Դա այն վայրն է, որտեղ գիշերը պարզ երևում են աստղերի տխուր ժպտացող աչքերն ու որտեղ երկինքն այնքան մոտ է երկրին, որ աստվածները բռնել են քարերն անգամ քանդող-տանողների ձեռքը, որ մնա գոնե մի պատ` որպես հիշատակ մեծ նպատակի ու որպես ամոթանք բոլոր նրանց, ովքեր ամեն տարի դնում են իրենց հզոր կնիքն ու ստորագրությունը` հաստատելու բյուջեով գիտությանը հատկացվող գրոշները, բոլոր նրանց, ովքեր երբեմնի գիտության երկիրը դարձրին գողականների ու «ավտարիտետների» երկիր, ովքեր հպարտանում են որդու հարսանիքի համար Հոլանդիայից բերած չորս տոննա վարդով, նրանց, ովքեր մարդկանց հարգում են` ելնելով ունեցած մեքենայի մակնիշից, բոլոր նրանց, ովքեր իրենց սեփական դղյակներում ունեն սեփական թիկնազոր, սեփական եկեղեցի, սեփական մեղքերին անմիջապես թողություն տվող եկեղեցու սեփական սպասավոր ու հավանաբար` սեփական Աստված:
Հ.Գ. - Հնարավոր է` այն հովիվը, որն իրականում այնքան էլ հովիվ չէ, այլ բարձրագույնի անգործության մատնված դիպլոմը դարակում՝ մի օր պետք գալու հավատով պինդ-պինդ պահած մի այլ մասնագետ, տղային պատմի այս պատմությունը: Հնարավոր է` տղան, որ դեռ տառաճանաչ չէ, հարցնի` ի՞նչ կա գրած պատին: Հնարավոր է` հայրը տղային հուսախափ չանելու համար ասի, որ այնտեղ աստղային լեզվով գրած է. «Աստ հանգչի գիտական մտքի մի հզոր ծրագիր», տղան կհարցնի` բա հետո ի՞նչ է լինելու, ու հովիվը, որ պահպանել է ռամկական մաքրությունն ու լավատեսությունը, կտեսնի տղայի անհամբեր սպասումից փայլող աչքերը, կմտածի, որ դաժան կլինի հեքիաթներից լավ վերջաբանի սովոր երեխային պատմությունն ավարտել «Աստ հանգչի»-ով ու կշարունակի. «Մի օր մեր պետության ղեկավարները կքնեն ու կարթնանան` մեծ հայրենասերներ դարձած. նրանք կհասկանան, որ երկրի զարգացումը գիտությանը զարկ տալու մեջ է, նրանց կմիանա այն հարուստի որդին, որը ժողովրդին քամելով էր դիզել միլիարդները: Նա իր հոր պես ջիպերով որսի գնալուց ու եղեգնաձորի լեռներից Կարմիր գրքում գրված վերջին քարայծը վերացնելուց չի ստանա հաճույք, այլ հայրենանվեր գործեր անելուց: Նա կներդնի իր հոր դիզած միլիարդները ու կանի այն գործը, որ մեր ազգի պարծանքներից մեկն էր նախատեսել: Պետության նոր ռազմավարությանը կմիանան ուրիշ հզորներ… և այդ ժամանակ երկիրը կծաղկի, ինչպես ամեն գարնան ծաղկում է մեր մարգագետինը»:
ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
|